Ցուցարարները կշարունակեն Բաղրամյանում բողոքի ակցիան․ Ոստիկանները ցրվելու կոչ են անում

Ցուցարարները կշարունակեն Բաղրամյանում բողոքի ակցիան․ Ոստիկանները ցրվելու կոչ են անում

PanARMENIAN.Net - Չնայածը ՀՀ նախագահի կոչին՝ կաթվածահար չանել Երևանի կենտրոնի տրանսպորտի աշխատանքը և բացել Բաղրամյան պողոտան, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքողները հայտարարում են, որ շարունակելու են բողոքի ակցիան։

Բաղրամյանում կրկին երաժշտություն է հնչում, ցուցարարները պարում են, գրում է Tert.am-ը։

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած ամբողջ բեռը մինչև Բաշխիչ ցանցերում աուդիտի ավարտը, ասել է, որ կառավարությունը փոխհատուցելու է պետբյուջեից, որը ձևավորվում է նույն ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից: Ըստ Փաշինյանի, նախագահի առաջարկը լուծում չէ, այլ դրա քննարկման հետաձգում:

Կարճ ժամանակ անց ցուցարարների ձեռքին նոր պաստառներ են հայտնվել՝ «Մեր պահանջը չի կատարվել » վերտառությամբ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին նախագահի հայտարարությունը համարում է «առանվազն հաղթանակ, որ դուռ ու պատուհան բացեց հաջորդ քայլերի համար», ինչը, ըստ պատգամավորի, Հայաստանի քաղաքական մշակույթի մեջ չկա:

«Այս պայքարը տվեց արդյունք, որ իսկապես ամբողջ իշխանությունը քանի օր զբաղված էր այս խնդրով, փորձում է գտնել լուծումներ, բանակցություններ է վարելու»,– ասել է Պողոսյանը և համոզմունք հայտնել, որ այդ աուդիտը չի լինելու զուտ տեխնիկական, այլ աշխատելու են նաև իրավապահները՝ ոստիկանությունը, Քննչական կոմիտեն ու Գլխավոր դատախազությունը:

Թևան Պողոսյանի խոսքով, եթե երիտասարդները, որ իրենց իսկ ձեռքով սարքել են Բաղրամյանի պատը, իրենց իսկ ձեռքով այն քանդեն, ապա կապացուցեն, որ իսկապես տերն են այս երկրի՝ որտեղ կուզեն կքանդեն, որտեղ կուզեն կկառուցեն:

Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քաղնախաձեռնության անդամներին հարցրել է, թե վերջիններիս մտադի՞ր են ժողովրդին Բաղրամյանից հեռանալու կոչ անել, թե՝ ոչ:

Երիտասարդները, որ մինչև այդ ժողովրդին հարցնում էին՝ չե՞նք մնում, ու «այո, մնում ենք» պատասխան ստանում, հայտարարել են, որ դա կորոշի ժողովուրդը՝ կիրակի օրը՝ մեկ ընդհանուր որոշմամբ:

«Մեր պահանջը եղել է չեղարկում, չի եղել չեղարկում, որոշումը կլինի, բայց այն կլինի վաղը»,- հայտնել են «Ոչ թալանին»-ի երիտասարդները։

Օսիպյանն ասել է՝ Բաղրամյանում երթևեկությունը վերականգնելը հաշված րոպեների հարց է, բայց չեն ուզում գնալ այդ քայլին, ուստի կոչ է անում ցրվել:

Ցուցարարները վերջնական որոշում են կայացել՝ անկախ ամեն ինչից, այսօր՝ հունիսի 27-ին, շարունակելու են իրենց բողոքի ակցիան Բաղրամյանում։ Ակտիվիստներն ու ժողովուրդը ևս մեկ օր կմնան Բաղրամյանում՝ մինչև վաղը՝ ժամը 18։00-ն, երբ հետագա քայլերի հետ կապված վերջնական որոշում կկայացնեն։

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ից նստացույց է անցկացնում Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հունիսի 23-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունն ուժի կիրառմամբ ցրել է հունիսի 22-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում սկսված և մոտ 10 ժամ տևած նստացույցը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---