Վաղինակ Շուշանյան. Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել որոշումը, պիտի կասեցնի այն, ինչն արել է

Վաղինակ Շուշանյան. Նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել որոշումը, պիտի կասեցնի այն, ինչն արել է

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին վաղ առավոտից Բաղրամյան պողոտայում, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ցուցարարները խմբերի բաժանված քննարկումներ են անում, որպեսզի երեկոյան ժամը 18:00-ին, իրենց ասելով, խելամիտ որոշում կայացնեն: Ըստ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի, նախագահի որոշումն այն չէր, որը պահանջում էին, բայց փողոցային պայքարը շարունակվելու դեպքում կարող է վերջում փակուղի մտնել, գրում է «Առավոտ»-ը։

«Իրավական տեսանկյունից եթե նայենք, ապա նախագահն իրավասու չէ միանգամից չեղարկել, նա պետք է կասեցնի, ինչը որ արել է»,- նշել է նա՝ հավելելով, որ ցուցարարները ցանկացած պահի կարող են հավաքվել ու փակել Բաղրամյանը, բայց կարևոր է, որ քայլերը խելամիտ լինեն:

Հունիսի 27-ին տարածած նախագահի հայտարարության համաձայն, մինչև ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի եզրակացության արդյունքների հրապարակումը Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Նա ցուցարարներին կոչ էր արել ազատել Բաղրամյան պողոտան, բայց վերջիններս հայտարարել էին, որ շարունակելու են բողոքի ակցիան, քանի որ իրենց պահանջը որոշման չեղարկումն էր։

Վաղինակ Շուշայնանի խոսքով, հայտարարությունը պետք է ընդունել որպես քայլ իշխանության կողմից, որովհետև այլ տարբերակ չկար։

«Վերցնել ու ասել՝ չէ, իրենց համար խայտառակություն կլինի, որովհետև մի 10 օր առաջ ասացին՝ հա, թանկացնում ենք: Սա կարող է լինել 150 դրամի ակցիայի նման՝ կասեցնել, աուդիտ անցկացնել, որը անցկացվում է 2 տարի»,- նշել է երիտասարդը:

Ըստ նրա, աուդիտի ընթացքում կփակեն «ծակուծուկերը», սխալներն ու վերջում կհայտարարեն, որ այո, ժողովուրդ ջան դուք իրավացի էիք, սակագինը չի բարձրանում: Վաղինակ Շուշանյանը նաև ասել է, որ սա հաղթանակ չի համարում, եթե սկսվել է պատերազմ, ապա սա ճակատամարտերից մեկն է, որ ժողովուրդը հաղթել է.

«Գոնե այդ ժամանակ՝ ճակատամարտից հետո, մարդիկ հետ են քաշվում, հանգստանում, բայց այսքան ժողովրդին չենք կարողանում հատ-հատ բացատրել, որ ոչ թե պետք է կանգնել ու գոռալ՝ առաջ-առաջ, և բարիկադները հրելով հասնենք Բաղրամյան 26, այլ պետք է հանգիստ, թարմ ուղեղով մտածել: Ցանկացած օր կարելի է այստեղ հավաքվել՝ արդեն սովորական բան է դարձել Բաղրամյանը փակել»,- ասել է նա:

Նաև հավելել է, որ իրենք կլինեն աուդիտորական խմբի կազմում ու կհանրայնացնեն բացահայտումները: Շուշանյանի խոսքով, անկախ իր սեփական կարծիքից՝ կանգնած է ժողովրդի կողքին ու մեծամասնությունը ինչ որոշի՝ նա նրանց կողքին կկանգնի է, բայց և եթե մեծամասնությունը գնա տուն՝ ինքը ևս գնալու է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---