Ոստիկանապետը ժամանակ տվեց Բաղրամյանն ազատելու համար՝ «մնացողները կմաքրվեն» (թարմացված)

Ոստիկանապետը ժամանակ տվեց Բաղրամյանն ազատելու համար՝ «մնացողները կմաքրվեն» (թարմացված)

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում, թե խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:

«Ոստիկանությունը մինչև այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը:

Հայտարարում ենք, որ նշված պարտականությունն ունի իր կատարման սահմանները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»,–ասվում է հայտարարությունում։

Մինչև այդ «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը, ինչպես և հայտարարել էր, հայտարարություն է արել, որով կոչ է արել հավաքվածներին տեղափոխվել Ազատության հրապարակ։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ է։

«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,- ասել է Շուշանյանը, գրում է Tert.am-ը։

Ցուցարարներից ոմանք համաձայն չէին լքել պողոտան ու շարունակել են վանկարկել «Բաղ-րամ-յան, Բաղ-րամ-յան»։

Պողոտայում էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Բաղրամյանում «մնացողները կմաքրվեն» ու հավելել․

«Ոստիկանական մեթոդներով կվերականգնվի պողոտայի երթևեկությունը: Մի քիչ ավելի խիստ կլինենք»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարել է, որ ոստիկանությունը հորդորում է անհապաղ դադարեցնել «անօրինական գործողությունները, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի բռնի ուժ։ Եվս մեկ անգամ զգուշացնում ենք՝ սթափվեք։ Խնդրում ենք հեռանալ, որպեսզի բացվի Մարշալ Բաղրամյան պողոտան»։

«Այն քաղաքացիներին, ովքեր մնացել են Բաղրամյանում, կոչ եմ անում ազատել պողոտան, քանի որ ոստիկանությունը կասեցնելու է անօրինական գործողությունները․ հորդորում են անհապաղ դադարեցնել դրանք, հակառակ դեպքում ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել ֆիզիկական ուժ ու վերականգնել հասարակական կարգը։ Կոչ եմ անում հեռանալ Ազատության պողոտա»,- հայտարարել է Օսիպյանը։

ՀՀ ոստիկանապետը մինչև հեռանալը քաղաքացիներին պողոտան ազատելու համար 30 րոպե է տվել։

Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։ Ցուցարարները Բաղրամյան պողոտա են գալիս հարակից փողոցներից։

Պատգամավորները, դերասանները և հայտնի մարդիկ նորից կենդանի պատ են կազմել մեծաթիվ ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև։

Նրանք կոչ են անում պատգամավորներին գալ և կանգնել ժողովրդի կողքին, որ լարվածությունը թուլանա։

Ոստիկանությունը նաև հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ ծնողներին կոչ անելով հեռու պահել Բաղրամյան պողոտայից իրենց անչափահաս երեխաներին։ Դրանում, մասնավորապես, ասվում է․

«Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքը շարունակվում է, և հատկապես վերջին օրերին հավաքին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Նման իրավիճակներում անչափահասների համար մտահոգվելը և բնական է, և անհրաժեշտ:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ, մի թողեք առանց հսկողության, մի թույլատրեք միայնակ մասնակցել հանրահավաքին: Իսկ հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին հորդորում ենք մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված՝ ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում ահապաղ դիմել ոստիկաններին:

Երեխաների անվտանգության ապահովումը բոլորիս խնդիրն է»։

Կարդացեք նաև՝ Ժամը 23:00-ից հետո ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը․ Ցուցարարներին կոչ են անում այլ վայր գնալ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---