Վարչապետ․ Կոչ եմ անում քաղաքացիներին չսրել իրավիճակը

Վարչապետ․ Կոչ եմ անում քաղաքացիներին չսրել իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն է արել Բաղրամյան պողոտայում հունիսի 28-ի ուշ երեկոյան շարունակվող ցույցի մասին, որտեղ նշում է, թե այսօր պողոտայում «հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը»:

Դրանում ասվում է հետևյալը․

«Վերջիններս առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ:

Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ոչ միայն էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, սակագների բարձրացման հիմնավորումները, այլ հայտարարեց, որ սակագնի բարձրացման որոշումը ևս կենթարկվի միջազգային աուդիտի, իսկ մինչև այդ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը:

Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ամբողջ գործընթացին ներգրավվել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձևով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալովիրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսևորեցին, որը բխում է և հասարակության և պետության շահերից:

Վերջիններիս այդ որոշումը հաստատեց այն լավատեսական պնդումը, որ մեր երկրում իսկապես լավ սերունդ է մեծանում, երիտասարդներ, ովքեր զգում են իրենց քայլերի պատասխանատվությունը: Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, ևս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից և չսրել իրավիճակը:

Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին և արժանի են ամենամեծ հարգանքի»:

«Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը ժամը 19։00-ի սահմաններում հայտարարություն է արել՝ կոչ անելով հավաքվածներին տեղափոխվել Ազատության հրապարակ։ Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն ասել է, որ ժողովուրդը ստիպեց իշխանություններին լուծում տալ հարցին և դա հաղթանակ է։

«Գնում ենք Ազատության հրապարակ ու չենք լսում սադրիչներին»,- ասել է Շուշանյանը։

Բայց ցուցարարներից շատերը համաձայն չէին լքել պողոտան ու, մնալով պողոտայում, շարունակել են վանկարկել «Բաղ-րամ-յան, Բաղ-րամ-յան»:

Կարդացեք նաև՝ Ոստիկանապետը ժամանակ տվեց Բաղրամյանն ազատելու համար՝ «մնացողները կմաքրվեն» (թարմացված)

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---