30 հունիսի 2015 - 12:08 AMT
«Քամփ Արմեն»-ի մանկատունը հայկական եկեղեցուն վերադարձնելու հարցով դիմում է ներկայացվել ԵԽ և Եվրախորհրդարան

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցին պատկանող տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան:

Demokrathaber.net-ին հղումով Tert.am-ը գրում է, որ իրավապաշտպան կազմակերպության անդամները նշել են՝ չնայած տրված խոստումներին՝ «Քամփ Արմեն» հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մուսուլմանական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը:

Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

Գեդիքփաշայի «Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:

5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961-ին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է: