ՎիվաՍել-ՄՏՍ-ի 10 տարին. 183 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, 188 մլրդ՝ պետբյուդջեին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի 10 տարին. 183 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, 188 մլրդ՝ պետբյուդջեին

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշում է իր գործունեության տասնամյակը: Ընկերության գլխամասային գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է ընկերության կարևորագույն ձեռքբերումների մասին, որոնք վերաբերում են ոչ միայն կատարողականի արդյունավետության՝ դեռևս չգերազանցված ցուցանիշներին, այլև՝ հասարակության հետ հաստատած հարաբերություններին:

Տասը տարվա ընթացքում ընկերությունը ավելի քան 182 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ է կատարել Հայաստանում: 2005-2015 թթ.-ի ընթացքում շարժական կապից և հարակից գործունեությունից ընկերության հասույթը կազմել է ավելի քան 675,4 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանի խոշոր հարկատու, 188,2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ:

Ստեղծման օրվանից մինչև օրս ընկերությունը 66 միլիարդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: Մրցակցային աշխատավարձից բացի՝ աշխատակիցներին առաջարկվում են տարատեսակ սոցիալական խրախուսումներ:

Բիզնեսի և հասարակության միջև իրական գործակցությունը, խարսխված պատասխանատվության, պատրաստակամության և թափանցիկության սկզբունքների վրա, ավելին է, քան բիզնեսի և սպառողի միջև հարաբերությունների ավանդական մոդելը: Պատասխանատու գործունեության նոր մոդելը հիմնված է այս տասը տարվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմի միասնական ջանքերի շնորհիվ ձևավորված արդյունավետ և նորարար կառավարման մշակույթի վրա:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջինն է մի շարք ցուցանիշներով. շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 60%՝ ավելի քան 2 միլիոն բաժանորդով, որոնցից 1,12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մոտ է դարձել իր հաճախորդներին՝ հանրապետության ամբողջ տարածքում գործող 92 սպասարկման կենտրոնի միջոցով, որոնցից 2-ն աշխատում են շաբաթական յոթ օր՝ շուրջօրյա սկզբունքով: 494 ռոումինգ գործընկոջ միջոցով՝ ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրում:

615 բնակավայրում (այդ թվում՝ 48 քաղաքում) մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA-ի հասանելիությամբ՝ Հայաստանում ամենաընդարձակ 3.5G ցանցն ընկերության գլխավոր առավելություններից է՝ բաժանորդներին ձայնային և տվյալների փոխանցման բարձրորակ ու նորարարական ծառայություններ մատուցելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի անգերազանցելի առաջատարն է բջջային ցանցի ծածկույթով: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98,8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99,8%: 2009-ին ընկերությունն էլ ավելի նորարարական ծառայություններ է առաջարկել իր բաժանորդներին՝ առաջին անգամ Հայաստանում գործարկելով ներբեռնման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը: Ներկայումս 4G ցանցը (մոտ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45,7%-ին՝ ներառելով Հայաստանի 7 քաղաք:

Սերտորեն շաղկապելով բիզնես գործունեությունը հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասը տարվա ընթացքում մոտ 28,9 միլիարդ դրամ է հատկացրել՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հովանավորության ծրագրերի իրականացման համար:

«Ընկերության 10 տարվա ընթացքում մենք հաղթահարել ենք տնտեսական վայրիվերումների և մրցակցության մարտահրավերները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ համար ավելին է, քան ընկերություն. այն մի ամբողջ կյանք է՝ լի տքնաջան աշխատանքով, հաղթանակներով ու մարտահրավերներով: Հաջողության մեր պատմությունը ուժ ու վստահություն է տալիս՝ շարունակելու մեր գործը հանուն մեկ ընդհանուր նպատակի, այն է՝ ապահովել բաժանորդների գոհունակությունն ու հասարակության բարօրությունը: Անցած տասը տարվա ընթացքում մենք դարձել ենք առավել ճկուն, արդյունավետ, նպատակասլաց, պատասխանատու, թափանցիկ և առավել քան մոտ մեր բաժանորդին ու հասարակությանը: Շնորհակալություն վստահության համար. այն մեզ պարտավորեցնում է անել ավելին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---