3 հոկտեմբերի 2006 - 19:12 AMT
Բ.Ֆասյեն «անհիմն է» համարում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ հայտարարությունները
«Հայկական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին անհիմն են»,-Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Բանակցություններն ընթանում են այս ձեւաչափով եւ դրա փոփոխության մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծել է նա: Ըստ ֆրանսիացի դիվանագետի, Ռամբույեի եւ Բուխարեստի հանդիպումներից հետո այս բանակցությունները կարող են բերել կողմերին ընդհանուր հայտարարի, եթե համաձայնեցվեն որոշ բարդ պահեր եւ հետագայում համանախագահները աշխատելու են այդ ուղղությամբ` լուծում գտնելու նպատակով:

Ֆրանսիացի համանախագահը հերքել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների անհեռանկարության մասին կարծիքը: «Մենք շատ ենք ուղեւորություններ կատարում եւ մեր կառավարություններն այնքան հարուստ չեն, որ զուր դրամ վատնեն մեր ուղեւորությունների վրա»,-ընդգծել է նա, հաղորդում է Day.az-ը: