ԿԲ. Էլէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը տարեկան գնաճի վրա կկազմի մոտ 1.3% 3 հուլիսի 2015 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն մոտ 1.3 տոկոսային կետ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնաճային ազդեցության և, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակի պահպանման պարագայում, 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կտատանվի թույլատրելի միջակայքի վերին հատվածում՝ 2016-ից կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ: «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը: Ըստ ԿԲ-ի տվյալների՝ 2015–ի անցած հինգ ամիսների ընթացքում ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2.7%-ով, որը մեծապես պայմանավորվել է գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Վերջինիս պահանջարկի տեսանկյունից նշված ժամանակահատվածում նպաստել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա համահունչ է եղել կանխատեսվածին և գնահատվում է 4.9 ընդլայնող: Երկրորդ եռամսյակում շարունակվել են մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազման միտումները՝ սակայն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով: 2015 –ի հունվար-փետրվար ժամանակահատվածի արտաքին առևտրի ցուցանիշների պատկերը դեռևս ամբողջական չէ` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ լիարժեք հավաքագրմամբ, որը հստակեցվելուց հետո կներկայացվի հաջորդ հրապարակումներում: ՀՀ արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակի անցած երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը պահպանել է համեմատաբար կայուն վարքագիծ: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 478.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.4%-ով՝ կազմելով 534.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 2.4%-ով` կազմելով 9.2 դրամ: 2015-ի երկրորդ եռամսյակում ևս պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և դրանք հիմնականում համահունչ են եղել կանխատեսված մակարդակներին: Հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում շարունակվել են գնանկումային զարգացումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից 2015-ի հունիսի 4-ին հրապարակված պարենի գների ինդեքսը մայիսին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 20.7%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 16.9%-ով (տ/տ 32.2% նվազում) և «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գինը կնվազի եռ/եռ 27.3%-ով (տ/տ 6.2% նվազում): Ըստ ԿԲ գնահատումների, երկրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 5.8% (տ/տ 43.2% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կարձանագրի եռ/եռ 3.7% աճ (տ/տ 9.9% նվազում): 2015 թ. երկրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.9%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 19.4%-ով: Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները: Այս իրավիճակում հիմնական պարենային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է գնանկումային միջավայրը, այն դեպքում, երբ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում ձևավորվել է սպասվածի համեմատ նավթի գնի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված նավթամթերքի սեզոնային մեծ պահանջարկով, ԱՄՆ պաշարների կրճատմամբ, ինչպես նաև առաջարկի կրճատման սպասումներով: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ տարեսկզբին ձեռքբերված մակրոտնտեսական կայունության պահպանումը շարունակում է նպաստել տնտեսական ակտիվության վերականգնմանը: Հունվար-մայիս ժամանակահատվածում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.7% աճ՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճերով: Գնահատվում է, որ գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ: 2015-ի հունիսի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 12.0% և 9.0%: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |