3 հոկտեմբերի 2006 - 21:29 AMT
Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 6-ին Մոսկվայում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մխ տարածաշրջան կատարած այցի նպատակն է ուղղակի շփումների վերականգնումը հակամարտության կողմերի միջեւ: «Բաքվում եւ Երեւանում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման մասին: Երեւանից հետո մենք մեկնում ենք Ստեփանակերտ, որտեղ տեղի կունենա համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի եւ արտգործնախարարի հետ»,-ասել է Մերզլյակովը: Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հնարավոր կլինի խոսել նաեւ երկու երկրների նախագահների հանդիպման մասին: