Ստամբուլում «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է տեղի ունեցել

Ստամբուլում «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Արմեն» ճամբարը հայ համայնքին վերադարձնելու պահանջով քայլերթ է կազմակերպվել: Քայլերթը սկսվել է Թուզլայի ափամերձ շրջանից և ավարտվել ճամբարի տարածքում:

Թուրքական Radikal լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ քայլերթին մասնակցել է 500 հոգի, որոնց հետ 3կմ ճանապարհն անցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Բարըշ Յարքադաշը և Օնուրսալ Ադըգյուզելը:

Քայլերթից հետո ճամբարում հավաքված մասնակիցները հայտարարություն են արել՝ պահանջելով ճամբարը վերադարձնել հայ համայնքին: Ելույթ է ունեցել նաև ԺՀԿ պատգամավոր Յարքադաշը՝ ասելով, թե ԺՀԿ-ն հայ ժողովրդի բարեկամն է, այն միշտ տուժողների կողիքին է և թույլ չի տա, որ որևէ մեկը տուժի:

Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունը Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցին պատկանող տարածքի հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան: Իրավապաշտպան կազմակերպության անդամները նշել են՝ չնայած տրված խոստումներին՝ «Քամփ Արմեն» հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը դեռևս չի վերադարձվել Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամին: Թուրք իրավապաշտպան Էրեն Քեսքինն տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան ուղարկված դիմումների մեջ նշվել է, որ ոչ մուսուլմանական համայնքին պատկանող սեփականության հափշտակմամբ Թուրքիան խախտել է Եվրոպայի մարդու իրավունքների և Լոզանի համաձայնագրերը:

Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) մեղադրել է խորհրդարանական ընտրություններից առաջ ճամբարը հայերին վերադարձնելու պատրանք ստեղծելու մեջ: «ԱԶԿ-ն ընտրություններից առաջ տպավորություն էր ստեղծել, թե այս վայրը հայերին է տալիս, կանխում է իրավունքների ոտնահարումը: Մինչդեռ այսօր երևում է, որ այս վայրը իրենց կողմնակիցներներին են ուզում հանձնել»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: Նա ընդգծել է, որ ճամբարի իրական տերերը «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերներն են, իսկ ճամբարը Հրանտի ժառանգությունն է, որ թողել է երիտասարդներին:

«Այս ժառանգությունը հարկավոր է իրական տերերին հանձնել և կանխել իրավունքի ոտնահարումը»,- հայտարարել է Յարքադաշը՝ հավելելով, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) պայքարելու են իրավունքների ոտնահարման դեմ և հետևելու են ճամբարի շուրջ ընթացող զարգացումներին:

Թուրքիայում 2011-ին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադարձնելու մասին, սակայն, «Արմեն ճամբար» ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքի ցուցակում:

Գեդիքփաշայի «Արմեն ճամբար»-ը, որը կառուցվել է հայ որբերի աշխատանքով, թուրքական պետության որոշումով փակվել է 1983-ին: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին. նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է այն: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում:

5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961-ին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում հաջողացրել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974-ին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ -ին: 1977-ին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---