29 նոյեմբերի 2002 - 22:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
2003 թվականի փետրվարին Հայաստանի նախագահի պաշտոնի առաջիկա ընտրությունների առնչությամբ` այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին գրանցվելու են ներկայացվել եւս երեք թեկնածության դիմում: Գրանցման համար դիմում են ներկայացրել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության փոխնախագահ Գառնիկ Մարգարյանը: Այսպիսով, ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 10 թեկնածու: Մինչ այդ, որպես նախագահի պաշտոնի թեկնածու գրանցման համար դիմում էին ներկայացրել ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Արամ Կարապետյանը, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռաֆֆի Հովհաննիսյանը, «Միավորված հայեր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը, «Ազգային միություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը: