4 հոկտեմբերի 2006 - 14:25 AMT
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ջորջ Բուշին ընդլայնել հարաբերությունները Ղարաբաղի հետ
ԱՄՆ Կոնգրեսի 77 անդամներ նամակ են հղել Ջորջ Բուշին` կոչ անելով ամրապնդել քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում, նամակում նշվում է Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը` կառուցել ժողովրդավարական եւ տնտեսապես կենսունակ պետություն: Ուղերձում մատնանշվում է նաեւ Ադրբեջանի շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ «հակասում է ԱՄՆ շահերին»: Նամակում, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն կարող է եւ պետք է ընդլայնի հարաբերություններն օրինական եւ ժողովրդավարական տեսակետից կայացած Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ կապերը չպետք է թելադրված լինեն արտաքին ուժերի կողմից, այլ պետք է ղեկավարվեն երկու ազգերի ընդհանուր արժեքներով»: «Ամեն օր մենք ջանքեր ենք գործադրում մեր երազած պետության` ազատ, ժողովրդավարական եւ բարգավաճ Արցախի կառուցման համար: Անկախ պետականության 15 տարիները ապացուցեցին 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընտրած պատմական ուղու իրավացիությունը,-հայտարարել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Վարդան Բարսեղյանը: Այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը քաղաքական եւ տնտեսական աջակցություն է ստացել ԱՄՆ-ից: Մենք երախտապարտ ենք ամերիկյան ժողովրդին նրա շռայլ տնտեսական աջակցության համար, որն օգնել է պատերազմից տուժած մարդկանց»,-հավելել է նա: