Թուրքիայի 3 հայ պատգամավորին աջակցող հայտարարության տակ 200 մտավորական է ստորագրել

Թուրքիայի 3 հայ պատգամավորին աջակցող հայտարարության տակ 200 մտավորական է ստորագրել

PanARMENIAN.Net - «Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» կողմից վերջին շրջանում հայ մտավորականներին ու պատգամավորներին թիրախավորող ռասիստական դրսևորումները դատապարտող հայտարարություն է տարածվել: Հայտարարության տեքստի տակ ստորագրել է 200 մտավորական` ակադեմիկոսներ, արվեստագետներ, իրավաբաններ և քաղաքական գործիչներ, որոնց թվում է ճանաչված գրող, լրագրող Դավիթ Բարսամյանը:

Ըստ թուրքական Gercekgundem.com լրատվական կայքի` հայտարարության մեջ դատապարվում է նաև քաղաքական և դատական կառույցների լռությունն այս խնդրի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ «կոալիցիոն խաղերի այս ժանամակաշրջանում» Էրդողանի ռեժիմի շարունակականությունն ապահովելու համար ամոթալի արշավ է սկսվել: Ամոթալի, որովհետև թիրախ են ընտրվել մեր հայ եղբայրներին, որոնց 19-րդ դարի կեսերից սկսված կոտորում ենք: Անիի ավերակներում նախնիների համար աղոթող հայ կնոջ առջև ազան են կանչում: Կարսի «Ուլքյու օջաքլարը» խմբավորումները հայտարարում են փողոց դուրս գալու ու հայերի որս սկսելու մասին: Ադանայի ԱՇԿ-ական (Ազգայնական շարժում կուսակցություն) քաղաքապետի` հասարակաց տների սեփականատեր, հարկերը բարեխղճորեն վճարած լուսահոգի հայազգի Մաթիլդ Մանուկյանի անվան մեջբերմամբ գրառումն էլ դրա վերջին օրինակն է, գրում է Ermenihaber-ը:

Հայտարարության 2-րդ մասում հեղինակները նշում են, որ այժմ էլ թիրախ են դարձել տարբեր կուսակցություններից ընտրված 3 հայ պատգամավորը` վրդովվմունք հայտնելով, որ վերջիններիս ուղղված ռասիզմ ու ատելություն պարունակող հայտարարություններն անտեսվում են դատական մարմինների կողմից: Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունները, որոնց անդամն են հանդիսանում 3 հայ պատգամավորը, պետք է այս ռասիստական հարձակումների վերաբերյալ անմիջապես քննադատական հայտարարություններ անեն և համապատասխան նախաձեռնություններով հանդես գան:

«Այս պարտականությունը մեջլիսի կուսակցությունների հանձնառությունն է, որպեսզի վաղը, երբ գրվի այսօրվա պատմությունը, իրենք իրենց երեխաների ու թոռների առջև վատ դրության մեջ չհայտնվեն»,- եզրափակվում է հայտարարությունը:

Թուրքիայում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարան 4 քրիստոնյա պատգամավոր է անցել, որոնցից 3-ը՝ հայ:

Ընդ որում, հայ պատգամավորներն ընտրվել են տարբեր կուսակցություններից՝ Մարգար Եսայանը՝ Արդարություն և զարգացում կուսակցությունից, Սելինա Դողանը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունից, Գարո Պալյանը՝ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից: Մյուս քրիստոնյան՝ Էրոլ Դորան, ասորի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---