9 հուլիսի 2015 - 11:29 AMT
Սիլվիո Բերլուսկոնիին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Նեապոլի դատարանը հուլիսի 8-ին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին մեղավոր է ճանաչել 2006-ին սենատորին կաշառելու գործով ու 3 տարվա ազատազրկման դատապարտել, Reuters-ին հղումով դրում է Lenta.ru-ն:

Դատարանի որոշմամբ նաև, 78-ամյա Բերլուսկոնին 5 տարվա ընթացքում իրավունք չունի պետական որևէ պաշտոն զբաղեցնել: Եվս մեկ մեղադրյալը կառավարության նախկին ղեկավարի օգնականն է՝ Վալտեր Լավիտոլան, որը կազատազրկվի 3 տարով, փոխանցում է Corriere della Sera-ն:

Դատախազները պահանջում էին Բերլուսկոնիին պատժել 5 տարվա ազտազրկմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ որոշ տեղեկատվության նաև, նախկին վարչապետը, հավանաբար, չի բանտարկվի, եթե բողոքարկի որոշումը, ու դրանով կերկարաձգի պատժի կատարումը: Բացի այդ, հայցի վաղեմության ժամկետն աշնանն արդեն կսպառվի, ինչից հետո այն կուղարկվի պահոց:

Մեղադրող կողմի վարկածի համաձայն, 2006-ին Բերլուսկոնին 3 մլն եվրո կաշառք է տվել սենատոր Սերջիո դե Գրեգորիոյին, որ վերջինս նրա՝ «Ազատության տուն» կոալիցիային անդամակցի: Համարվում է, որ այդ քայլը ճակատագրական էր 2008-ին Ռոմանո Փրոդիի կառավարության համար, որի անկումից հետո Բերլուսկոնին զբաղեցրեց վարչապետի պատշոնը:

Մեղադրող կողմի փաստարկները հիմնված են հենց դե Գրեգորիոյի ցուցմունքների վրա, որը պատժի մեղմացման հետ է փոխանակել կաշառք վերցնելու մասին խոստովանությունը: Նախկին օրենսդիրին 20 ամսվա բանտարկության են դատապարտել:

Վերջին 20 տարվա ընթացքում Սիլվիո Բերլուսկոնիի դեմ մոտ 80 գործ է հարուցվել, նրա հաշվին նաև ավելի քան 2.500 լսում կա: Քաղաքական գործչին մեղադրում էին կոռուպցիայի մեջ, ինչպես նաև մաֆիայի հետ կապերի ու սեքսուալ սկանդալների: Նրա դեմ գրեթե բոլոր մեղադրանքները տարիների ընթացքում հանվել են կամ էլ Բերլուսկոնին հաղթել է վերաքննիչ դատարաններում: