9 հուլիսի 2015 - 12:32 AMT
Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ կպատրաստի

Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) նախագահ Յուլի Էդելսթեյնը հուլիսի 8-ին կրկին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա այդ մասին խոսել է խորհրդարանում կազմակերպված կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նույն օրը Իսրայելի խորհրդարանում որոշում է կայացվել ցեղասպանության մասին օրինագիծ պատրաստել, թուրքական Turkishny լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Էդելսթեյնը նշել է, որ Իսրայելը հաշվի առնելով իր դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու մյուս երկրների հետ չպետք է որդեգրի այնպիսի դիրքորոշում, թե իբր ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլի 24-ի ոգեկոչման արարողություններին Իսրայելը ներկայացված էր պատվիրակությամբ, որի կազմում էին Հայաստանում Իսրայելի դեսպանն ու երկու խորհրդարանականներ: Նրանցից մեկը` ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» ընդդիմադիր կուսակցությունից ընտրված Քնեսեթի փոխնախագահ Նահման Շայը կոչ արեց իր հայրենակիցներն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա մեր տարրական պարտականությունն է: Մենք այլևս չպետք է տատանվենք»,-ասել է նա:

2015-ի մայիսին Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հրեական խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ներկայացրել և կոչ արել Իսրայել պետությանը հետևել իր օրինակին:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է ավելի քան 20 երկիր, ինչպես նաև ԱՄՆ նահանգների մեծ մասը: Վերջերս Ցեղասպանության սարսափների դեմ հրապարակավ խոսողներին ավելացել է նաև Ֆրանցիսկոս Պապը: