9 հուլիսի 2015 - 13:48 AMT
Ֆրանսիան, Շվեյցարիան և Հայաստանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ ԽՎ հակառուսական բանաձևի քվեարկությանը

Ֆրանսիան, Շվեյցարիան և Հայաստանը հրաժարվել են մասնակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան լիագումար նստաշրջանին ներկայացված հակառուսական բանաձևի քվեարկությանը: Նրանք այդ քայլը բացատրել են նիստին ռուսական պատվիրակության բացակայությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը Կանադայի և Ուկրաինայի կողմից առաջարկվող « ՌԴ կողմից շարունակվող ԵԱՀԿ-ի և միջազգային նորմերի շրջանակում պարտավորությունների ակնհայտ, կոպիտ և չուղղված խախտումների մասին» համար 15 բանաձևի մասին է:

«Իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով, իսկ դրա համար պետք է ներկա լինեն երկու կողմը: Այս պատրառով մենք կայացրել ենք քվեարկությանը չմասնակցելու որոշում», - ասել է Ֆրանսիայի պատվիրակության անդամ Ալեն Ներին:

Այս դիրքորոշմանը միացել են նաև Հայաստանի ու Շվեյցարիայի պատվիրակությունները: Իտալիայի պատվիրակությունը հայտարարել է, որ չի կարելի ծրագիրը քննարկել առանց մեղադրյալին արդարանալու հնարավորություն տալու՝ շեշտելով, որ Ռուսաստանի բացակայությամբ այդպիսի գործողությունների իրականացումը գրեթե մերժում է Արևմուտքում ժողովրդավարության առկայությունը:

Մայիսին Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Եվրամիության ներկայացուցիչների կողմից պատրաստված՝ Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հայտարարությունը, քանի որ դրանում առկա է «Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիա» արտահայտությունը: ԵՄ դիվանագետները ստիպված են հայտարարության փոխզիջումային տարբերակ մշակել: