9 հուլիսի 2015 - 15:04 AMT
16 նորածնի կյանք է փրկվել Սիսիանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի գործակցության արդյունքը գոհացնող է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և BirthLink ՀԿ-ի աջակցությամբ, Սիսիանի նորածնային բաժանմունքը մոտ երկու տարի առաջ համալրվել է բարձրակարգ սարքավորումներով: Համալիր աջակցության արդյունքում՝ այդ ժամանակահատվածում լույս աշխարհ եկած 503 նորածից 48-ը կյանքի ուղեգիր են ստացել հենց բարձրակարգ սարքավորումների և բուժանձնակազմի նվիրված աշխատաքնի շնորհիվ: Միայն ընթացիկ տարվա յոթ ամսվա ընթացքում փրկվել է 16 նորածին:

Բարդ հղիության և վաղաժամ ծննդաբերության դեպքերը շարունակում են իրենց վրա սևեռել մասնագետների ուշադրությունը: Նրանք կարևոր են համարում նեոնատալ խնամքի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ նորածնային մահացության ցուցանիշի կրճատման հարցում:

Ժամանակից շուտ լույս աշխարհ եկած եղբայրները՝ Սլավիկն ու Սուրենը, մոտ 10 օր գտնվում են Սիսիանի մասնագետների ուշադրության կենտրոնում: Նրանց վիճակն արդեն գնահատվում է բավարար: Խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարևորություն են ունեցել վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու մյուս սարքավորումները: Դրանց առկայության շնորհիվ մասնագետներին հաջողվել է փրկել և կայունացնել փոքրիկների վիճակը: Արձանագրվող արդյունքն ակնհայտ է՝ նպատակը արդարացված:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական BirthLink ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում, 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով կապահովվի 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը: 2008-ից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչև օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: