Նախագահը՝ Ուֆայում. ՀՀ-Իրան երկաթուղու կառուցումը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար

Նախագահը՝ Ուֆայում. ՀՀ-Իրան երկաթուղու կառուցումը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 9-ին Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայ գործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, որտեղ նաև ելույթ է ունեցել:

Ողջունելով նման ձևաչափով հանդիպման նախաձեռնությունը, նախագահը նշել է. «Այստեղ ներկայացված երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանությունը, հնարավորություններն ու ներուժը հզոր նախադրյալ են ստեղծում միջազգային և տարածաշրջանային անվտանգության առավել արդիական խնդիրներին լուծումներ որոնելու համար»:

Սարգսյանի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան փոխգործակցության հիմքում ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունն է:

Նախագահն ընդգծել է, որ այս գաղափարի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է երկրների ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ կազմակերպությունների շրջանակում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ: Ըստ Սարգսյանի, ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունն էապես կօգնի Ուֆայում ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:

Այս համատեքստում նախագահը նկատել է, որ արդյունավետ գործակցության գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:

Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս:

«Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն», - ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական գործակցության համար:

«Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա», - նշել է Սարգսյանը:

2013-ին Իրանն իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

Երկրի ղեկավարի համոզմամբ, անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների:

«Այսպիսի մասշտաբային խնդրի իրագործումը, բնականաբար, հնարավոր է միայն միջազգային իրավունքի գերակայության, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի, խաղի ընդհանուր համաձայնեցված կանոնների պահպանման, այդ կանոնների ուղղակի կամ անուղղակի խախտումների, ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների, ներառյալ` շրջափակման ու այլ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության հիման վրա», - նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև գործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով:

Նախագահն ընդգծել է ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և երկրների գործարար շրջանակի շփումների մակարդակում փոխշահավետ գործակցության ստեղծման կարևորությունը:

«Հայաստանի հարավային երկաթուղու» երկարությունն ըստ նախատեսվածի մոտ 300 կմ է լինելու, այն բաղկացած կլինի կամուրջներից և 60 թունելից, կունենա 27 կայարան: Ըստ նախագծի` երկաթգիծը սկիզբ է առնելու Գավառի մոտակայքից ու ձգվելու է մինչև Մեղրիի մոտակայքը և միանալու է Հայաստանի կենտրոնական երկաթուղային համակարգին:

Ըստ տեխնիկատնտեսական փաստաթղթի՝ երկաթուղով տարեկան փոխադրվելու է 18,3 մլն տոննա բեռ, մինչդեռ Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումները 12,3 մլն տոննա են, որից երկաթուղուն բաժին է ընկնում 26 տոկոսը (3,3 մլն տոննա):

Երկաթուղու շինարարության իրականացման ժամկետը, սակայն, որ նախատեսվում է սկսել 2016-ին, ավարտել 6 տարում, կախված կլինի ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև իր տարածքում երկաթգիծը շարունակելու Իրանի պատրաստակամությունից։

Դրա կառուցման մեկնարկով սկիզբ կդրվի տարիներ շարունակ քննարկվող «Հայաստան-Իրան» երկաթուղու նախագծի իրականացմանը, որի առկայությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել էր Երևանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսին:

«Հայաստան-Իրան» երկաթուղու կառուցումը Հայաստանի կառավարության առաջնային ծրագրերից է: Նախագիծը բազմիցս քննարկվել է երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպումների ընթացքում 2006-ից: Իրագործվելու դեպքում «Հայաստան-Իրան» երկաթուղին «Հայաստանի հարավային երկաթուղու» Մեղրի հատվածից շարունակվելու է մինչև Իրանի հյուսիսում գտնվող Մարանդ քաղաքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---