5 հոկտեմբերի 2006 - 13:49 AMT
Մոսկվայի միլիցիան նշում է Ռուսաստանում Հայաստանի տարին
Պետրովկա 38 հասցեում հաջողությամբ անցավ Ռուսաստանում Հայաստանի տարվան նվիրված ստեղծագործական համերգը Մոսկվայի միլիցիայի համար: Նրա մասնակիցները` ՆԳՆ վետերանները ոչ միայն հաճույք ստացան հայկական երգերի եւ հայ արտիստների հետ հանդիպումից, այլ նաեւ օգտակար տեղեկություններ իմացան Հայաստանի եւ Հայ ժողովրդի մասին` հին ժամանակներից մինչ օրս, եւ, իհարկե, ռուս-հայկական հազարամյա բարեկամության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Հայ-ռուսական բարեկամության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: «Նման միջոցառումները կանցկացվեն մշակված տիպային սցենարով: Համերգը վարողները, հաշվի առնելով լսարանի առանձնահատկությունները, տեղեկություններ կտան Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին` հին ժամանակներից մինչ օրս, եւ, իհարկե, ռուս-հայկական հազարամյա բարեկամության մասին»,-նշել է նա: Պրոֆեսիոնալ եւ Մոսկվայի հայ հասարակության ինքնագործ դերասանների նման ստեղծագործական հանդիպումները Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության նախաձեռնությամբ մինչեւ տարեվերջ տեղի կունենան մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այնպիսի հատուկ ստորաբաժանումների համար, ինչպիսիք են ՕՄՈՆ-ը, ՊԱՏ-ը, ճանապարհային ծառայությունը մետրոպոլիտենում, Մոսկավյի միլիցիայի վետերանների կազմակերպությունը: «Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության որոշմամբ միլիցիայի ուսումնական կենտրոններում եւ քոլեջներում տեղի կունենան ինտերնացիոնալ բարեկամության բաց դասեր «Հայաստա'ն մեր բարեկամ» խորագրով: Մոսկվայի ՆԳԳՎ ղեկավարության կարծիքով, դա նպաստավոր կլինի միլիցիայի աշխատակիցների համար բազմազգ մեգապոլիսում աշխատելիս, կնպաստի մոսկվաբնակների ազգամիջյան բարեկամության ամրապնդմանը»,-հավելել է Վիկտոր Կրիվոպուսկովը: