11 հուլիսի 2015 - 17:38 AMT
Հուլիսի 13-ի երկուշաբթին ոչ աշխատանքային կլինի, բայց բանկերն ու մի քանի այլ կառույց կաշխատեն

ՀՀ կառավարությունը հուլիսի 11-ի արտահերթ նիստում որոշել է հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթին՝ Մեռելոցի օրը,տեղափոխել հուլիսի 18-ը` շաբաթ օր: Որոշումը կայացվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոն օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ:

Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը պաշտոնապես հինգ Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց) ունի, չհաշված հիշատակի համազգային օրը՝ ապրիլի 24-ը։ Մեռելոցները նշվում են 5 մեծ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին, որոնք 2008-ից սկսած ոչ աշխատանքային են՝ հաջորդ շաբաթ օրը տեղափոխվելու հաշվին։ Որոշումը ՀՀ կառավարությունը ժամանակին ընդունել էր Հայ առաքելական եկեղեցու առաջարկով։ Հասարակության շրջանում շատերը դեմ են արտահայտվում այդ ավանդույթին: Բազմաթիվ կազմակերպություններ երբեմն տուժում են երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրերին աշխատելով, մեռելոցի օրերին դիվանագիտական ներկայացուցչությունները փակ են, փոխարենը պարտադրված են աշխատել շաբաթ օրերին:

Աշխատանքային օրերը տեղափոխելու կապակցությամբ նիստի ընթացքում հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցի առնչությամբ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները և հանձնարարել գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին խորհրդարանական քաղաքական ուժերի, եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու նպատակով:

Հանձնարարվել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին և ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությանը հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը:

Առաջարկվել է նաև ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որ հուլիսի 13-ին բանկերը ևս ծառայություններ մատուցեն քաղաքացիներին: Ավելի ուշ ԿԲ-ից տեղեկացրել են, որ նշված երկուշաբթի ՀՀ առևտրային բանկերն աշխատելու են բնականոն ռեժիմով՝ սպասարկելով քաղաքացիներին և մատուցելով համապատասխան ծառայությունները: