Մարսելն ու Երևանն ավելի ակտիվ կգործակցեն. Քաղաքապետը Ֆրանսիայում է

Մարսելն ու Երևանն ավելի ակտիվ կգործակցեն. Քաղաքապետը Ֆրանսիայում է

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Մարսելում գտնվողԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի ու Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր ու հարգանքի տուրք է մատուցել անմեղ զոհերի հիշատակին:

Ավելի ուշ Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլև առանձնակի խորհուրդ ունի որպես պատմական ուղեցույց ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի բնակչության համար:

Քաղաքապետին ներկայացվել է նաև հուշահամալիրի հարևանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը 1915-ինցեղասպանությունից մազապուրծ եղած հայ մայրերի ու նրանց ժառանգների հիշատակին է:

Նույն օրը Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին:

Գոդենը կարևորել է տեղի հայ համայնքի դերը Մարսելի զարգացման հարցում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել:

Երևանի քաղաքապետն իր հերթին նշել է, որ հայ համայնքի ջանքերի շնորհիվ երկու երկրի, հատկապես՝ Երևանի ու Մարսելի բարեկամական հարաբերություններն առավել կակտիվանան ու կզարգանան:

Երևանի և Մարսելի միջև բարեկամության և գործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1992-ին: 1994-ին Մարսելում թարմացվել է: Նույն թվականին կնքվել է գործակցության ևս մեկ համաձայնագիր Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության և Մարսելի հիվանդանոցների բարեգործական միության միջև: 2001-ին Երևանում վերակնքվել է համագործակցության համաձայնագիր: Առողջապահության բնագավառում առանձնակի սերտ կապեր են հաստատվել ԵՊԲՀ-ի և Մարսելի երկու համալսարանների միջև: 2007-ին Երևանում ստորագրվեց Երևանը և Մարսելը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիրը:

Երևանը գործընկեր քաղաքի կարգավիճակով անդամակցում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող CIUDAD քաղաքային զարգացման և երկխոսության գործակցության ծրագրի GOSPEL սպորտի և սոցիալական ոլորտում կառավարում ծրագրին՝ Մարսել, Մահդիա (Թունիս), Համբուրգ (Գերմանիա), Սպլիտ (Խորվաթիա) և Տրոնդհեմ (Նորվեգիա) քաղաքների հետ համատեղ։ 2013-ին Երևանի թիվ 52 հիմնական դպրոցում GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։

2014-ին Երևան և Մարսել քաղաքների միջև հաստատված գործակցության շնորհիվ քույր քաղաք Մարսելից Երևան են ուղարկվել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 180 անվասայլակներ, բժշկական սարքավորումներ և գրքեր։ 2013-ին Մարսելում բացվել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անվան հրապարակ, իսկ 2015-ին Երևանում տեղի է ունեցել Վերնոյի անունը կրող փողոցի բացման արարողությունը «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումների շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---