Ադրբեջանի բյուջե նավթից ստացվող եկամուտները կես տարում նվազել են 1/4-ով

Ադրբեջանի բյուջե նավթից ստացվող եկամուտները կես տարում նվազել են 1/4-ով

PanARMENIAN.Net - 2015-ի հունիսին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (SOCAR) պետբյուջե է փոխանցել 123,688 մլն մանաթ (մոտ $118 մլն): Այս մասին հայտնում է 1news.az-ը սեփական աղբյուրների վրա հղումով: Ընդ որում, 2014-ի հունիսի համեմատ ընկերության փոխանցումների ծավալը նվազել է 15%-ով: Ընդհանուր առմամբ 2015-ի առաջին քառորդում SOCAR-ի փոխանցումները բյուջե կազմել են 728,730 մլն մանաթ (մոտ $700 մլն): Փոխանցումները պետբյուջե 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 239,579 մլն մանաթով: Նախորդ տարվա առաջին կիսամյակում SOCAR-ը բյուջե էր փոխանցել 968,309 մլն մանաթ:

Ադրբեջանի տնտեսությունն արդեն մի քանի ամիս է դժվարություններ է կրում նավթի գնի նվազման պատճառով: Ածխաջրածինների վաճառքից եկամուտների անկմանը զուգահեռ նվազում են նաև երկրի արժույթի պաշարները` այդպես, տարեսկզբից Ադրբեջանի ռեզերվները նվազել են մինչև $8.5 մլրդ` կես տարում ծախսվել է $5.2 կամ 38%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան $6.6 մլրդ կամ պաշարների 43.8%-ը:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների նվազման հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով: 2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---