Իսրայելի վարչապետը պատմական սխալ է համարում Իրանի հետ համաձայնությունը

Իսրայելի վարչապետը պատմական սխալ է համարում Իրանի հետ համաձայնությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է համարում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Նա այդպիսի հայտարարություն է արել Երուսաղեմում Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսի հետ բանակցություններից առաջ:

«Այդ համաձյանությունը պատմական մասշտաբի սխալ է»,-ասել է Նեթանյահուն: «Իրանը միջուկային զենքի ստեղծելու համար բաց ճանապարհ է ստանում, իսկ բազում սահմանափակումները, որոնք կիրառվում էին հենց նման զարգացումները կանխելու համար, չեղյալ կհամարվեն»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բոլոր կետերով, որոնք կոչված են կանխելու Իրանի կողմից միջուկայի զենքի ստեղծումը, մեծ զիջումներ են արվել: Իրանը միլիարդավոր դոլարներ կստանա` հնարավորություն ստանալով աջակցել ահաբեկչության, ագրեսիայի և էքսպանսիայի մեքենային Մերձավոր Արևելքում»,-ասել է նա: «Իսրայելը պարտավորվել էր կանխել միջուկային զենքի ստեղծումն Իրանում և դա անպայման ուժի մեջ կմնա»,-ասել է նա:

Նեթանյահուն տարիներ շարունակ կոչ է անում միջազգային հանրությանը համաձայնություն չստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ` «վատ գործարք» անվանելով դա:

Վարչապետը նաև կոչ է արել Իսրայելի բոլոր քաղաքական ուժերին համախմբվել` կանխելու համար Իրանում միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը: «Ես դիմում եմ Իսրայելի բոլոր առաջնորդներին. ժամանակն է մի կողմ դնել քաղաքական շահերն ու միավորվել Իսրայելի Պետության ապագայի և անվտանգության համար ամենակարևոր հարցի շուրջ»,-ասել է նա:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վետո կդնի ցանկացած օրենքի վրա, որը կարող է խոչընդոտել Իրանի և «վեցյակի» համաձայնության իրականացմանը, եթե Կոնգրեսը փորձի արգելափակել Իրանի հետ համաձայնությունը:

ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությամբ, Կոնգրեսը 60 օր կունենա Իրանի հետ գործարքը քննարկելու համար: Ըստ Օբամայի, Կոնգրեսը կարող է «մանրամասն» ուսումնասիրել Իրանի հետ պայմանավորվածությունները:

Միևնույն ժամանակ Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կպահպանի Իրանի դեմ գործող որոշ պատժամիջոցներ: «Միջուկային գործարքը չի հարթում բոլոր տարաձայնությունները»,-ասել է նա: ԱՄՆ-ն կպահպանի պատժամիջոցները, քանի որ Իրանը «սատարում է ահաբեկիչներին» խախտում է մարդու իրավունքները, բալիստիկ հրթիռներ է մշակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բացի այդ, պատժամիջոցները կարող են կրկին «գործել» ցանկացած պահի, եթե Իրանը խախտի պայմանավորվածությունները, ասել է Օբաման:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը:

Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---