Հայկական մշակութային շաբաթ՝ վիետնամական ANTG հեռուստաալիքով

Հայկական մշակութային շաբաթ՝ վիետնամական ANTG հեռուստաալիքով

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին վիետնամական ANTG հեռուստաալիքով մեկնարկում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Հայաստանի և Վիետնամի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 23-ամյակին: Մշակութային շաբաթվա շրջանակում ANTG հեռուստաալիքով կցուցադրվի ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ելույթը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման և անցած 23 տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մշակութային շաբաթվա երաժշտական հատվածում կցուցադրվեն Շառլ Ազնավուրի, KOHAR սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Երիտասարդական նվագախմբերի համերգները: Առանձին հաղորդմամբ ներկայացվելու են Արամ Խաչատրյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Մշակութային շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Հայաստան՝ Նոյի երկիր» և «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմերը, ինչպես նաև «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմը:

2015-ին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հայկական մշակութային շաբաթներ: Մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկեց «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Հայկական շաբաթվա ընթացքում անցել են հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ: Սեմինարներն ու գիտաժողովները, ինչպես նաև գրքերի շնորհանդեսները տեղի են ունենալու Հռոմի հեղինակավոր «Վիտտորիանո» թանգարանային համալիրում, Mattei Di Giove պալատում և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում:

Մայիսի 19-ին Տոկիոյի «Դայկանյամա Հիլսայդ տերաս» միջոցառումների սրահում մեկնարկել է հայկական մշակույթի շաբաթը՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մշակույթի շաբաթվա ընթացքում ցուցադրվել են հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքներ, ինչպես նաև Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի և Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մորիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները` «Հայկական քրիստոնեական ճարտարապետությունը» և «Այցելելով աշխարհի հայկական եկեղեցիներ» խորագրերով:

Առանձին սրահում ներկայացվել են «Կիոտոյի Սեյկա» համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկայի աշխատանքները, ով արդեն մի քանի տարի է Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը: Կցուցադրվեն նաև հայ երեխաների մի քանի տասնյակ աշխատանքներ: Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձերի առաջին էջերի պատկերներով ճապոնացի հասարակությանը ներկայացվել են ածխարհի արձագանքն ու վերաբերմունքը ոճռագործությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---