5 հոկտեմբերի 2006 - 14:50 AMT
Փորձագետ. Անդամակցությունը ԵՄ-ին անհնար է առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու
Հարավային Կովկասի երկրների անվտանգության, այդ թվում ռազմական անվտանգության խնդրի լուծումը ժամանակի պահանջն է, նրանց փաստացի անկախությունը գնալով նվազում է: Ալգորիթմի առաջին քայլերն արդեն մշակված են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների օրինակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, վաղուց ժամանակն է գիտակցել, որ անդամակցությունը ԵՄ-ին, ինչին իբր ձգտում են Հայաստանն ու Ադրբեջանը, չի կարելի պատկերացնել առանց ղարաբաղյան հակամարտության շուտափույթ, փուլային, խաղաղ, քաղաքական կարգավորման, առանց իրական ժողովրդավարացման, առանց տարածաշրջանային ինտեգրման, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելուց: «Առաջինն, ինչ պետք է անել, ձեւավորել հարեւան երկրների տարածաշրջանային կազմակերպություններ, ինչպես օրինակ, Վիշեգրադի խումբը, Բալթյան կազմակերպությունը եւ այլն: Անկասկած, մեր դեպքում պետք է սկսել գոնե ազգամիջյան թշնամանքի բորբոքման կասեցումից, ինչում այսպես թե այնպես բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը: Երկրորդը` սերտ համագործակցությունն է ՆԱՏՕ-ի հետ, ԶՈՒ-ի որակական եւ քանակական, ինչպես նաեւ ողջ օրենսդրության, նորմատիվ բազայի, հաստիքների եւ այլնի համապատասխանեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին: Ես ընկալում եմ դրանք որպես 21-րդ դարի չափանիշներ, իսկ նատոյական չափանիշներից բացի այլ չափանիշներ ես չգիտեմ: Երրորդը` քաղաքացիական վերահսկման հաստատում բանակի վրա: Սա խնդիրների այն նվազագույն համալիրն է, որոնք պետք է կատարեն «նոր» Եվրոպայի բոլոր երկրները, որոնք արդեն ՆԱՏՕ-ի անդամ են: Կարծում եմ, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները կարող են հասնել դրան առաջիկա 5-7 տարում: Եվ դրա համար հարկավոր է կարծր քաղաքական որոշում, քաղաքական կամք»,-ասել է Ռ.Մեհրաբյանը: Նա նաեւ հավելել է, որ դա ռազմական անվտանգության, հետեւաբար, եւ անկախ գոյության գործուն երաշխիքներ ձեռք բերելու միակ ուղին է: Այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսիք են Հարավային Կովկասի երկրները, անվտանգության երաշխիքը ոչ այնքան բանակն է, որքան սթափ մտածողության վրա հիմնված եւ պատասխանատու արտաքին քաղաքականությունը: Սկզբունքորեն, առաջին հանրապետությունները հենց այդ գիտակցության բացակայության պատճառով էլ կորցրեցին անկախությունը անցյալ դարի 1920-21թթ.-ին»,-ընդգծել է հայ փորձագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ