4 գազալցակայանի գործունեությունը դադարեցվել է, 158-ը` տուգանվել

4 գազալցակայանի գործունեությունը դադարեցվել է, 158-ը` տուգանվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրությունները հանրապետության ԱԳԼՃԿ-ներում: Դրանց արդյունքում հունիս և հուլիս ամիսներին Երևան քաղաքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ի համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի՝ 25-150.000 դրամի չափով (ընդհանուր՝ 10.385.000 դրամ):

2105-ի ընթացքում հանրապետությունում գազի պայթյունի չորս դեպք է գրանցվել. 1-ը՝ Երևանում ,մեկն Արմավիրի մարզում, ևս 2-ը՝ Կոտայքի մարզում: Պայթյունների հետևանքով 3 մարդ էր զոհվել, 3-ը վիրավորվել էին, ընդ որում պայթյուններից 3-ի դեպքում պատճառն ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնն էր:

ՏԿԱԻՆ-ից տեղեկացնում են, որ 4 ԱԳԼՃԿ-ում հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար կայացվել են որոշումներ՝ հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

12 ԱԳԼՃԿ-ում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Դրանցից 3-ը, տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար, տուգանվել են 1-ական մլն դրամով:

2 շարժական գազալցակայանի համար կազմվել են արձանագրությունններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու վերաբերյալ:

Օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաև հրդեհային ու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման համար պարտականություններին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին:

Առաջիկայում խստացված ռեժիմով ստուգայցերը շարունակվելու են Արարատի և Արմավիրի մարզերում՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:

Հայաստանն առաջատարն է այն երկրների շարքում, որտեղ բնական գազն օգտագործվում է որպես շարժիչային վառելիք: ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի (IRF) 2014-ի վիճակագրության համաձայն՝ հանրապետությունում գազով է աշխատում մեքենաների 77.3%-ը: Ըստ նույն տարվա տվյալների, ՀՀ-ում շահագործվում է 334 ԱԳԼՃԿ, որոնցից 8-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ենթակայությամբ: 2013-ին ԱԳԼՃԿ-ները սպառել են 454,9 մլն խմ գազ, իսկ 2014-ին ակնկալվող սպառման ծավալը կազմում է 471,6 մլն խմ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---