Դավութօղլուն չի բացառում քրդամետ կուսակցության հետ կոալիցիայի ստեղծումը

Դավութօղլուն չի բացառում քրդամետ կուսակցության հետ կոալիցիայի ստեղծումը

PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի բանակցությունները մեջլիս անցած մյուս ուժերի հետ: Թուրքիայի վարչապետը չի բացառել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության՝ HDP-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։

«Ազգայնական շարժում» կուսակցության հետ հուլիսի 14-ի հանդիպումը հաջողությամբ չի ավարտվել և ազգայնականները մերժել են կոալիցիա կազմել Դավութօղլուի գլխավորած կուսակցության հետ: Դրանից հետո վարչապետը հանդիպել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի հետ, ինչից հետո հայտարարել է, թե վերջինիս կեցվածքում փոփոխություն է նկատել, գրում է Tert.am-ը՝ թուրքական TRT Haber-ին հղումով:

Դավութօղլուն հանդիպել էր նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, սակայն հստակ համաձայնություն ձեռք չի բերվել:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 258 տեղ 550-ից, ինչի հետևանքով այլևս խորհրդարանական մեծամասնություն չի կազմում և չի կարող միայնակ ձևավորել կառավարությունը։ Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս), որը առաջին անգամ է մասնակցել ընտրություններին:

Խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել:

Գրեթե 13 տարի Թուրքիայում եղել է միայն մեկ իշխող կուսակցություն, ում պատկանել են պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը. այժմ եկել է կոալիցիոն կառավարության դարաշրջանը: Որպեսզի կարողանա իր դիրքերը պահել խորհրդարանում, վարչապետ Դավութօղլու կուսակցությունը ձեռք բերած 258 մանդատին պետք է ավելացնի լրացուցիչ 18 մանդատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---