ՀՀ-ն մոտ $1.9 մլն կտրամադրի երեխաների ինսուլինի համար

ՀՀ-ն մոտ $1.9 մլն կտրամադրի երեխաների ինսուլինի համար

PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում որոշել է ՀՀ կարիքների համար կազմակերպել ինսուլինի 2015-2019թթ. գնմանգործընթացը; Որոշման նպատակն է ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը:

Հայաստանում ներկա պահին գրանցված է շաքարային դիաբետով հիվանդ 450 երեխա:

Նախագծին կից ներկայացված փաստաթղթերի համաձայն` նախատեսվում է 5 տարվա ընթացքում գնվելիք ինսուլինի ձեռքբերման համար վճարել $1.891.990՝ պայմանով, որ «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունը $427.625-ի ներդրումային ծրագիր կիրականացնի:

Շաքարային դիաբետը երեխաների և երիտասարդների շրջանում առավել տարածված քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ունի աճի միտում: 2014-ի հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարարի N 1628 հրամանով հաստատվել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագիր և 2015-2020-ի գործողությունների ժամանակացույց: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010-ի համեմատությամբ 2014-ին արձանագրվել է հիվանդության 37% աճ: Ներկայումս հանրապետությունում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների 31%-ը սոցիալապես անապահով ընտանիքից են, 5%-ը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, իսկ 3%-ը կազմում են նրանք, ում ընտանիքում շաքարային դիաբետ ունեցող երեխաները մեկից ավել են:

Ներկայումս պետությունը նրանց ապահովում է կարճատև ազդեցությամբ ինսուլին սրվակներով, ինչը բուժական արդյունավետություն չունի, քանի որ երեխաների և երիտասարդների 68%-ը տարին նվազագույնը մեկ անգամ ունենում են խորը հիպոգլիկեմիաներ և հոսպիտալացվում են:

Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման, ինսուլին լիզպրո քարտրիջների օգտագործումը հնարավորություն է տալիս կանխարգելել խորը հիպոգլիկեմիաների առաջացումը, ինչի շնորհիվ պետությունը ծրագրի իրականացմամբ կտնտեսի:

Ի տարբերություն ներկայումս օգտագործվող կարճատև ազդեցության ինսուլինի, որը ներարկվում է ուտելուց 30-45 րոպե առաջ, ինսուլին լիզպրոն կարելի է ներարկել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ ուտելուց անմիջապես հետո՝ ընդունած սննդին համապատասխան: Վերջինս հնարավորություն է տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, ազատ լինել, քարտրիջներով ինսուլինը պահել պայուսակի մեջ կամ գրպանում, և ցանկացած վայրում՝ ուտելուն համապատասխան կատարել անհրաժեշտ ներարկումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---