6 հոկտեմբերի 2006 - 14:36 AMT
Թուրքիայի համար նախապատրաստվում է «արտոնյալ գործընկերությո՞ւն» ԵՄ-ի հետ
Անգելա Մերկելը Թուրքիա է մեկնում Եվրամիության հետ այդ երկրի ճգնաժամային հարաբերությունների շրջանում: Անկարայում ԳԴՀ կանցլերին վստահելի գործընկեր են համարում եւ ակնկալում են դրական ազդանշաններ: Մերկելը Թուրքիա կայցելի իր արեւելյան հարեւանի հետ Եվրամիության ճգնաժամի պահին: Թուրքիան հաջողության չի հասել ժողովրդավարության բոլոր ասպեկտներում, գտնում են Եվրահանձնաժողովում: Եվրոպացիների մտահոգությունն է առաջացնում երկրում խոսքի ազատության ապահովման ոչ բավարար մակարդակը: Այդպես, երկրի քրեական օրենսգրքի 301 հոդվածը մինչեւ 3 տարի ազատազրկում է նախատեսում Թուրքիային եւ նրա պետական ինստիտուները վիրավորելու համար: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը կոչ է արել Թուրքիային բարեփոխումներ անցկացնել, ապահովելու համար խոսքի ազատության հիմնարար սկզբունքը, բարելավել կանանց եւ ոչ մահմեդական կրոնական համայնքների իրավունքները, ինչպես նաեւ խստացնել բանակի քաղաքացիական վերահսկումը: Ակնկալվում է, որ Անգելա Մերկելը կանդրադառնա այն քննադատությանը, որը հնչեց Թուրքիայում իսլամի մասին Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի արտահայատություններից հետո, գրում է «Ռոյթեր» գործակալությունը: Անկարայի կտրուկ արձագանքը կասկածի տակ դրեց Եվրոպան իսլամական աշխարհի հետ «կամրջող» Թուրքիայի դերը , իսկ սա նրանց հիմնական փաստարկներից մեկն է, որվքեր ողջունում են Թուրքիայի մուտքը ԵՄ:

Եվրամիության դժգոհությունն է առաջացնում նաեւ Թուրքիայի դիրքորոշումը Կիպրոսի հանդեպ: Թուրքիան պարտավոր է բացել օդային եւ ծովային ուղիները Կիպրոսի հետ, ինչպես դա պահանջում է ԵՄ-ի հետ մաքսային պայմանագիրը: Հակառակ դեպքում նրան սպառնում է Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների կասեցում: Անգելա Մերկելը անզիջում դիրքորոշում ունի Կիպրոսը ճանաչելու Թուրքիային ուղղված ԵՄ պահանջի հարցում: Ինչպես հայտարարել է դաշնային կանցլերի գերատեսչությունը հոկտեմբերի 4-ին, «ԵՄ-ին անդամակցելու պայմանաների հարցում զիջողություն չի լինի»: ԳԴՀ կանցլերի այցից Թուրքիան ակնկալում է հստակ ազդանշան, որ անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն:
Անգելա Մերկելը վերաբերվում է ԵՄ-ում նրանց թվին, ովքեր համարում են, որ Թուրքիան չի կարող դառնալ այդ կազմակերպության լիիրավ անդամ: Նրան է պատկանում «արտոնյալ գործընկերության» հայեցակարգը, որը ենթադրում է համագործակցության այնպիսի մակարդակ, որն արդեն առկա է: Այդպիսով, Մերկելի դիրքորոշումը նշանակում է ոչ այլ ինչ, քան թողնել ԵՄ հարաբերությունները Թուրքիայի հետ ներկա փուլում: Առավել կտրուկ պահանջներով են հանդես գալիս Գերմանիայի պահպանողական ճամբարի ներկայացուցիչները, այդ թվում եւ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը, որը գլխավորում է Անգելա Մերկելը: Էդմունդ Շտոյբերը, Քրիստոնյա-սոցիալական միության ղեկավարը, ընդհանրապես պահանջել է դադարեցնել ԵՄ բանակցությունները Թուրքիայի հետ, գրում է «Deutsche Welle»-ն: