Ահաբեկչություն Իրաքում. Զոհերի թիվը 100-ից ավելի է

Ահաբեկչություն Իրաքում. Զոհերի թիվը 100-ից ավելի է

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ի երեկոյան Իրաքի արևելքում գտնվող Բանի Սաադ քաղաքի շուկայում հզոր պայթյուն է որոտեացել, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը ոստիկանության վրա հղումով: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ հավաքվել էին տոնելու Ռամադան ամսվա ավարտը` պայթել է ականապատ ավտոմեքենան: Ավելի վաղ հայտարարվել էր 80 զոհի մասին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհերի քանակը 100-ից ավելի է, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ավտոմեքենայում 3 տոննա պայթուցիկ է եղել:

Բանի Սաադ քաղաքը գտնվում է Դիյալա գավառում` վարչական կենտրոն Բաակուբա քաղաքից 15 կմ դեպի հարավ, և 20 կմ հեռավորության վրա մայրաքաղաք Բաղդադից:

Հուլիսի 15-ին միջազգային կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ 27 ավիահարված հասցրեց «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում և Իրաքում: 20 հարված է հասցվել Իրաքի թիրախներին, 7-ը` Սիրիայի:

Իրաքյան զորքերն ու շիա զինյալների ստորաբաժանումները շարունակում են գրոհը «Իսլամական պետության» կազմավորումների դեմ Իրաքի ամենամեծ Անբար գավառում: Գավառի ազատագրման գործողությունը սկսվել է երկուշաբթի, գրոհը զարգանում է Ֆալուջա քաղաքի ուղղությամբ, որը 50 կմ հեռավորության վրա է Բաղդադից: «Իսլամական պետությունը» մի քանի պատասխան գրոհ է իրականացրել, այդ թվում ահաբեկիչ մահապարտների մասնակցությամբ, ինչպես նաև հրետանային հարվածներ է հասցրել իրաքյան զորքերի դիրքերին:

«Իսլամական պետության» էքսպանսիան աշխարհի գլխավոր հիմնախնդիրներից մեկը դարձավ 2014-ին: Ըստ ԿՀՎ տվյալների, խմբավորումը մոտ 30 հազար գրոհային ունի:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---