Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 11.000 կրակոց

Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 11.000 կրակոց

PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11.000 կրակոց:

Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնագծից 10-15 կմ խորությամբ, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 15-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:

Ադրբեջանական կողմն օրերս հերթական ապատեղեկատվությունն էր տարածել` մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ: Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մասնավորապես տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:

ԼՂՀ ՊՆ-ն իրազեկում էր, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում: Դրանում համոզվելու համար ղարաբաղյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում և պարզել իրական ճշմարտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն հայտարարեց, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---