ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով ականանետներ և նռնականետներ

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը՝ կիրառելով ականանետներ և նռնականետներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից՝ 18-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11.000 կրակոց:

Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնագծից 10-15 կմ խորությամբ, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Մինչ այդ, Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահՋեյմս Ուորլիքը: Նա Twitter-ում տեղադրել է Հանրապետության հրապարակի լուսանկարն ու գրառում արել.

«Այնպիսի գեղեցիկ ամառային երեկո է Երևանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են խաղաղության և բարգավաճման»:

Հուլիսի 20-ին Ուորլիքը հանդիպելու է ՀՀ վնախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջերս հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ:

Հուլիսի 15-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի` հայկական բնակավայրերի և ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու հայտարարության մասին նշվում էր, որ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և անդառնալի կորուստներով հղի:

Միաժամանակ, առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---