Հայ ծրագրավորողների հավելվածը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ իրերից

Հայ ծրագրավորողների հավելվածը կօգնի հեշտությամբ ազատվել ավելորդ իրերից

PanARMENIAN.Net - Աշխարհում ավելի քան 70 միլիոն տոննա հագուստ և կենցաղային տեխնիկա է հայտնվում աղբանոցներում յուրաքանչյուր տարի: Այդ իրերի մեծ մասը դեռ պիտանի է օգտագործման համար, սակայն հայտնվում է աղբարկղում, քանի որ այն կոնկրետ անձին այլևս պետք չէ:

Հայաստանյան ստարթափի ծրագրավորողները, նպատակ ունենալով որոշակի առումով լուծել այս խնդիրը, ստեղծել են Bartly բջջային հավելվածը։ Այն թույլ է տալիս օգտատիրոջը փոխանակել ավելորդ իրերը և փոխարենը ձեռք բերել այն, ինչը իրեն իրոք անհրաժեշտ է:

Ընկերության համահիմնադիր և տնօրեն Գոռ Նագդալյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ հավելվածից օգտվելու համար օգտատերը պետք է ընդամենը լուսանկարի իր համար ոչ պիտանի իրը և հավելվածի միջոցով փնտրի այն, ինչի հետ կցանկանար փոխանակում կատարել: Հավելվածի որոնողական հստակ գործող ալգորիթմը կօգնի գտնել օգտատիրոջ ցանկությանն ամենաշատը համապատասխանող փոխանակման առաջարկը: Հավելվածն ունի նաև chat հնարավորություն, որպեսզի փոխանակում կատարողները կարողանան պայմանավորվել փոխանակման վայրի և ժամանակի մասին:

«Bartly-ն ստեղծվել է երիտասարդ ձեռներեցների թիմի կողմից: Նրանք նախկինում աշխատել են այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են Spotify-ը, Flipboard, ինչպես նաև հիմնել են իրենց կազմակերպոյթունները խորհրդատվության, միջոցառումների կազմակերպման և հեռախոսային հավելվածների ստեղծման ոլորտներում: Մեր նպատակն էր փոխանակումների համար ստեղծել առավելագույն պարզ հարթակ: Այն պարզ բարտերային գործիք է, որով Դուք ձեռք եք բերում օգտակար իր` այլ իրի հետ փոխանակելով»,- ասաց ընկերության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ավելացվել է նաև սոցիալական հարթակ` փոխանակողների շփման հնարավորություն, քանի որ նրանք պետք է հանդիպեն փոխանակումն իրականացնելու համար, որպեսզի վստահ լինեն, որ ամեն ինչ ճիշտ է: Հավելվածը հասանելի է iOS օպերացիոն համակարգի բոլոր օգտատերերի համար: Առայժմ ընկերությունն աշխատում է հայկական շուկայում, սակայն շատ շուտով ծրագրում է հավելվածը հասանելի դարձնել նաև Բեռլինում ու Սան- Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---