Ուորլիք․ Հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ԼՂ կարգավիճակի հստակեցում

Ուորլիք․ Հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ԼՂ կարգավիճակի հստակեցում

PanARMENIAN.Net - Առանց Արցախի կարգավիճակի հստակեցման չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծում: Այս մասին հուլիսի 20-ին Երևանում լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հուլիսի 20-ին Ուորլիքը հանդիպելու է ՀՀ վնախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին՝ քննարկելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը:

«Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Համապարփակ կարգավորումը ներառում է նաև կարգավիճակի հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում՝ որպես համապարփակ կարգավորման մի մաս»,- ասել է Ուորլիքը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բացի այդ, համանախագահը մեկ անգամ ևս նշել է, որ Արցախի հարակից տարածքների վերադարձը բանակցությունների կետերից մեկն է:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջերս հայտարարել է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ:

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը: Նա պնդել է, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել:

Հուլիսի 18-ին և 19-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը< ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով:

Հուլիսի 15-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հուլիսի 14-ին հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---