21 հուլիսի 2015 - 11:24 AMT
ՀՀ նախագահը ցավակցել է Էրդողանին. Ահաբեկչությունը կատարել է 18-ամյա մահապարտ աղջիկը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասվում է նախագահի հեռագրում:

Մինչև այդ, զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի: Ինչպես հայտնել է թուրքական CNN Türk-ը, վիրավորվել է մոտ 100 մարդ:

Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը Շանլիուրֆա գավառի Սուրոչ շրջանում` Ամարա մշակութային կենտրոնի շենքում: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը:

Ինչպես հայտնել է Hurriet-ը, պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

Դեռևս ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն իրավապահները կարծում են, որ դրա ետևում ԻՊ գրոհայիններն են կանգնած:

Զոհվածների ընտանիքին իր ցավակցությունն է հայտնել նախագահ Էրդողանը: «Ահաբեկչությունը չունի ոչ կրոն, ոչ երկիր, ոչ ազգություն: Որտեղից էլ այն գա, միշտ անիծյալ է լինելու: Ամբողջ աշխարհը պետք է պայքարի այդ չարիքի դեմ: Ցավակցում եմ զոհվածներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,-ասել է Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հարձակումը տեղի է ունեցել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Թուրքիան լրացուցիչ զորակազմ ու ռազմատեխնիկա ուղարկեց Սիրիայի հետ սահման` պաշտպանելու համար իր տարածքը:

Ավելի վաղ` հունիսին թուրքական ԶԼՄ-ները, ռազմական աղբյուրների վրա հղումով հայտնեցին, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողության ծրագիր է մշակում` բուֆերային գոտի ստեղծելու և սիրիաբնակ քրդերի դիրքերի ամրապնդումը խափանելու նպատակով: Նշենք, որ քրդերը վերջին շրջանում լուրջ հաջողությունների են հասել ԻՊ դեմ պայքարում: Թուրքիան լրացուցիչ մի քանի տասնյակ զրահատեխնիկա է ուղարկել Սիրիայի հետ սահմանամերձ գոտի և լրացուցիչ զորակազմ:

Ինչպես հայտնել են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիան պատրաստ է ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ 18-հազարանոց զորակազմի ուժերով: Ծրագիրը կազմվել է նախագահ Էրդողանի և երկրի վարչապետ Դավութօղլուի մոտ բանակի բարձրաստիճան պաշտոնյաների ու անվտանգության ուժերի ղեկավարության վեց հանդիպումների արդյունքում: Հաղորդվում է, որ մասնակցելու է 12 հազար զինվոր, որոնք շուտով դիրքեր կզբաղեցնեն Սիրիայի հետ սահմանին: Ընդ որում, ռազմական հրամանատարությունը չի բացառում, որ Սիրիայի տարածքում նրանք կգործեն ոչ միայն ԻՊ գրոհայինների, այլ նաև Ասադի զորքերի դեմ:

Որոշ փորձագետներ նշել են, որ գործողության իրական թիրախը ոչ թե սեփական սահմանի պաշտպանությունն է, այլ հակազդեցությունը քրդական ռազմականացված կազմավորումներին:

Photo: AP