Microsoft ինովացիոն կենտրոնում մեկնարկում է սկսնակ ընկերությունների աջակցության հերթական ծրագիրը

Microsoft ինովացիոն կենտրոնում մեկնարկում է սկսնակ ընկերությունների աջակցության հերթական ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող ամերիկյան Microsoft ընկերության ինովացիոն կենտրոնը սկսել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների՝ ստարտափերի համար նախատեսված աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հայտերի ընդունումը։ 12 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում ընտրված թիմերն աշխատելու են իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` Կենտրոնի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին։

Ծրագրում ընգրկված ստարտափերն իրենց արտադրանքի զարգացման ընթացքում աշխատելու են տարբեր ոլորտներում բազմաթիվ տարիների փորձառնություն ունեցող մասնագետների հետ։ Ծրագրում ներգրավված են խորհրդատուներ արտերկրից, ովքեր կիսվում են իրենց միջազգային փորձով և օգնում թիմերին իրենց արտադրանքը մշակելիս հաշվի առնել միջազգային շուկայի պահանջները և փորձը։

Ծրագրի նախորդ փուլին ներգրավված են եղել ավելի քան 30 հաջողակ ձեռներեցներ և ներդրողներ Սան Ֆրանցիսկոյից, Նյու Յորքից, Բոստոնից, Սիդնեյից, Իսրայելից և Հայաստանից. Ստարտափների հետ իրենց փորձով են կիսվել և աջակցել Փոլ Բերբերյանը, Սիդնի Մինասյանը, Ներսես Օհանյանը, Եվա Հյուսյանը, Ռազմիկ Աբնուսը, Միշել Դավուդյանը, Պերճ Այվազյանը, Էլի Դեյվիդը, Ռոբերտո Իտերիանոն, Լուիս Սթեյնը և ուրիշներ։

Ստարտափերը առերես և առցանց հանդիպումներ, սեմինարիներ և քննարկումներ են ունենում բազմաթիվ միջազգային մասնագետների հետ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ արտադրանքի մարկետինգը, հաճախորդների հետ կապերի հաստատումը, արտադրանքի ներկայացման, ներդրումներ ներգրավելու հմտությունները և այլն։

Ստարտափերը հնարավորություն են ունեցել հանդիպումներ ունենալ Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի հաջողակ ձեռներեցների և փորձառու մասնագետների հետ: Նրանց թվում են եղել Թոմ Սավադան, Լուիս Ամաթը, Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը և այլոք, որոնք տարբեր սեմինարների և հանդիպումների ընթացքում ուղղորդել են ստարտափներին իրենց փորձով և խորհուրդներով:

Ծրագրի ողջ ընթացքում ստարտափերը հնարավորություն են ունենում օգտվել Microsoft ինովացիոն կենտրոնի գրասենյակի բոլոր պայմաններից՝ տարածք, համակարգիչներ, համակարգչային ծրագրեր, այլ սարքավորումներ։ Բացի այդ, կենտրոնը հանդիսանում է մի շարք միջազգային մրցույթների՝ SLUSH, Seedstars World, տեղական գործընկերը Հայաստանում, որոնք հնարավորություն են տալիս ստարտափին իր արտադրանքը ներկայացնել միջազգային ներդրողներին, մասնագետներին և լրատվամիջոցներին։ Աքսելերացիոն ծրագրում ընդգրկված ստարտափերը հնարավորություն կունենան մասնակցել մրցույթների տեղական ընտրությանը:

Բացի այս ամենը, Microsoft ինովացիոն կենտրոնը աջակցություն է տրամադրում ստարտափերին՝ ներգրավելու համար ֆինանսական միջոցներ իրենց արտադրանքի հետագա զարգացման համար ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողներից և վենչուրային հիմնադրամներից։ Աքսելերացիոն ծրագիրը ամփոփում է 12 շաբաթների արդյունքները Դեմո օրվա շրջանակում, որի ընթացքում մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն են ունենում իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։

Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափեր՝ Solo Learn, Forkize, Flaxton և Penny, հաջողությամբ ներգրավել են ավելի քան 350,000 ԱՄՆ դոլլար իրենց արտադրանքի հետագա զարգացման և մարկետինգի համար։

Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել 2-4 հոգուց բաղկացած ստարտափերը, ովքեր առաջարկում են ՏՏ լուծում որևէ խնդրի ցանկացած ոլորտում։ Դիմում հայտերի ընդունման օնլայն հարթակը շուտով հասանելի կլինի դիմումների հավաքագրման համար: Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը մինչև հուլիսի 31-ը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ նախորոք զանգահարելով (010)545-343 և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---