
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին անհանգիստ է, տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հուլիսի 21-ին՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնագծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:
Կողմերի միջև ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:
Շփման գծի ամբողջ երկարությամբ հայ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և իրավիճակը պահում աչալուրջ վերահսկողության տակ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնային գծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:
Հուլիսի 18-ին և 19-ին ևս հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից՝ 18-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11.000 կրակոց:
Կարդացեք նաև՝ Ուորլիքը Վիեննայում կզեկուցի ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին