Դավիթ Բաբայան. Հակառակորդի ակտիվությունը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցի հետ

Դավիթ Բաբայան. Հակառակորդի ակտիվությունը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ տարածաշրջան այցի հետ

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները տարօրինակ չեն, այլ շատ սովորական երևույթ են, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Սա Ադրբեջանի պահելաձևն է, ապրելակերպը: Հակառակորդը հատկապես ակտիվանում է համանախագահների տարածաշրջան այցելության ժամանակ, կարևոր հանդիպումներից անմիջապես առաջ կամ հետո: Նրան արդեն պետք էր լավ ճանաչել ու չզարմանալ: Դժբախտաբար, հակառակորդի էությունն է այդպիսին»,- ասել է Բաբայանը՝ նշելով, որ այդպիսի գործողություններն արդեն կանխատեսելի են ու տարօրինակ զարգացում նա չի տեսնում:

Հուլիսի 21-ի ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների, ինչի հետևանքով հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Բաբայանն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները նաև միջազգային որևէ դիվանագետի` տարածաշրջան կատարած այցելությունն են ուղեկցում, գրում է Panorama.am-ը:

Հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին մեկնել է Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը:

Հուլիսի 18-ին և 19-ին ևս հակառակորդն ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծի ամբողջ երկայնքով: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, հարավային ուղղությամբ կիրառել է նաև 60 և 82 մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր:

Հուլիսի 12-ից՝ 18-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11.000 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---