22 հուլիսի 2015 - 14:04 AMT
ԱՄՆ-ում անմարդաբնակ քաղաք են կառուցում ինքնավար մեքենաների փորձարկումների համար

Google ընկերությունն իր ինքնավար ավտոմեքենաների փորձարկումներն իրականացնում է Մաունթին Վյու քաղաքի փողոցներում: Չնայած կատարյալ տեխնոլոգիաներին ու վարորդի առկայությանն ավտոմեքենայում, ռոբոտ-մեքենան մոտ տասնյակ անգամ ՃՏՊ-ի մասնակից է դարձել, թեև այլ մեքենաների վարորդների պատճառով: Խուսափելու համար նման իրավիճակներից` Միչիգանի համալսարանին կից Տրանսպորտի վերափոխման կենտրոնը (Mobility Transformation Centre, МТС) անմարդաբնակ քաղաք կկառուցի` Էմսիթին, որը 13 հա տարածք կզբաղեցնի:

Էմսիթիի (Mcity) տները ամերիկյան Միջին Արևմուտքի ոճով պատրաստված ֆասադներ են միայն, փոխարենը ճանապարհներն ու խաչմերուկներն իսկական են: Այստեղ ամեն ինչ ստեղծվում է իդեալապես վերահսկվող պայմաններ ստեղծելու համար, որտեղ կարող են մշակվել առանց վարորդի գործող տրանսպորտային միջոցների նոր տեխնոլոգիաներ, փորձարկվել ինքնավար ավտոմեքենաներ: Էմսիթիի փողոցներում առաջին մեքենաները կլինեն փորձնական մոդելները, որոնք կօգնեն МТС մշակողներին փորձարկել ու համեմատել «շարժման միասնական կենտրոնից» ղեկավարվող ինքնավար ավտոմեքենաների ընթացքը նույնպիսի ավտոմեքենաների հետ, որոնք սակայն ամբողջապես ինքնուրույն են գործում:

«Իրական ճանապարհներ դուրս գալով ինքնավար ավտոմեքենաները հսկայական քանակի բարդ խնդիրներ պետք է լուծեն,-ասել է կենտրոնի տնօրեն Փիթեր Սթիվենը: -Էմսիթին տրամադրում է անվտանգ, վերահսկվող և իրական միջավայր, որտեղ մենք կարող ենք բացահայտել նրանց ողջ ներուժը»:

Էմսիթին բավականին հավաստի է նմանակում քաղաքային ոչ խիտ կառուցապատումը, որը տիպիկ է ԱՄՆ և մի քանի այլ զարգացած երկրների համար: Եվ թեև տները միայն պայմանական են, սակայն ճանապարհներին ամեն ինչ իրական է` կանոնակարգվող և չկանոնակարգվող խաչմերուկներ, ճանապարհային նշաններ ու գծանշումներ, շրջադարձեր, փակուղիներ և մայթեր:

МТС-ի մասնագետները նախագծել են այն, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք լրացուցիչ բարդություններ են ստեղծում մարդկանց, սկսնակ վարորդների համար, և ջանացել են դրանք վերարտադրել ռոբոտ-վարորդների համար: Ճանապարհային նշանները տեղ-տեղ դժվար տեսանելի են գրաֆիտիի տակ կամ ճյուղերի հետևում, ճանապարհի մի մասը փակ է վերանորոգման պատճառով, գծանշումների մի մասը ջնջված է…Ըստ МТС-ի աշխատակիցների, նման ճանապարհի 1 կմ փորձությունները հավասար են իրական աշխարհում հարյուրավոր կիլոմետրերի, որտեղ բոլոր այդ բարդությունները հազվադեպ են այդքան խտացված հանդիպում` հուրախություն սկսնակ վարորդների: