23 հուլիսի 2015 - 12:58 AMT
Փոխնախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը երկար կտևի՝ բանակցում են

Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու գործընթացը շարունակվում է, ավարտին հասցնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որը Հարությունյանին արտահանձնելու հարցով բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ:

«Աշխատանքները ռուսական կողմի հետ դեռևս ընթանում են: Անհրաժեշտ փաստաթղթերը հայկական կողմն ուղարկել է և այժմ դրանք քննարկման փուլում են»,- ասել է Քոչարյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է:

Փոխնախարարի խոսքով՝ Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի դատարանը` հարցը քննության առնելուց հետո:

«Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, հարցի շուտափույթ լուծում ակնկալելը ճիշտ չի լինի»,- նշել է Քոչարյանը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ բացի ռուսական կողմի հետ հարցի շուրջ քննարկումներից, նախարարությունը մշտական կապի մեջ է Հարությունյանի հարազատների հետ` անհրաժեշտ իրավական օգնություն են ցուցաբերում:

2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման:

Photo: TASS