Ո՞րտեղից միջոցներ ներգրավել ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման համար. Հարցը քննարկվում է

Ո՞րտեղից միջոցներ ներգրավել ՀՀ-Իրան երկաթուղու կառուցման համար. Հարցը քննարկվում է

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների հայթայթման հարցով այժմ բանակցություններ են ընթանում երկու երկրի միջև: Այս մասին ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Կան շահագրգիռ ընկերություններ, որոնք պատրաստ են ֆինանսավորել ծրագրի մի մասը, սակայն այդ ծրագիրը թանկ արժե, և մեզ անհրաժեշտ է համապարփակ լուծում, որպեսզի այն կյանքի կոչվի»,- պարզաբանել է Առաքելյանը:

Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, անդրադառնալով Իրանի ու «վեցյակի» միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից Հայաստանի տնտեսական ակնկալիքներին, ասել է, որ Իրանի հետ գործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում՝ առանց բացառության:

«80 միլիոնանոց շուկա է, և 37 տարի է` էմբարգոյի տակ են: Ընդհանուր առմամբ, իրենց տնտեսությունն էլ լուրջ պոտենցյալ ունի, և դրա որոշակի օգտագործումը մեր երկկողմ գործակցության մեջ շատ կարևոր և հեռանկարային է», - ասել է Ճշմարիտյանը՝ խոսելով Հայաստանի տնտեսական ակնկալիքներից, գրում է Panorama.am-ը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) հուլիսի 16-ին համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---