7 հոկտեմբերի 2006 - 14:53 AMT
Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության բարելավման հարցում
Մոսկվայում բավականին ինտենսիվ բանակցություններ կայացան, քննարկվել են բանակցային գործընթացի ընթացքում առաջացած մի շարք խնդիրների համատեքստում համանախագահների կողմից առաջարկված մի շարք գաղափարներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հարցով կառուցողական եւ արդյունավետ մտքերի փոխանակում: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից յուրաքանչյուրն ընմիջում է վերցնում մինչեւ հոկտեմբերի 24-ը, որպեսզի վերլուծության ենթարկվեն քննարկված գաղափարները»,- ասել է նա:

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է հակամարտությունը կարգավորել մինչեւ 2006 թվականի վերջը, ինչպես դա ենթադրում են մեծ ությակի երկրները, նկատել է, որ «պետք չէ ինչ-որ ժամանակացույց ունենալ, քանի որ սա բավականին լուրջ եւ նուրբ հարց է, սակայն պետք է ջանալ առաջ շարժվել բանակցային գործընթացում»:

«Բանակցությունների գլխավոր առարկա է հանդիսանում կարգավորման հիմնական սկզբունքների հարցը, եւ համանախագահների առաջարկները հիմնվում են արդեն մշակված սկզբունքների վրա, որոնք երկար տարիներ քննարկվում են` Պրահայի գործընթացի շրջանակներում: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որի հիման վրա մենք կարող ենք շարժվել առաջ: Մենք համաձայնեցրել ենք հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, սակայն կան երկու չհամաձայնեցված սկզբունք, որոնց շուրջ մենք աշխատում ենք: Քննարկվել են հենց այդ չհամաձայնեցված հարցերը»,- նկատել է Մամեդյարովը:

«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը մեր եւ' քաղաքական, եւ' տնտեսական գործընկերն է, մեր հարեւանն է: Կասկած չկա` նա պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա կարգավորման համատեքստում: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Ռուսաստանը ցանկություն ունի Ադրբեջանին եւ Հայաստանին ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի մենք կարողանանք անցնել կարգավորման առաջին փուլին: Անկասկած, այսպիսի բարդ հակամարտությունը անհնարին է մի անգամից կարգավորել, դա պետք է կատարել փուլ առ փուլ: Եւ ամենավերջին տարրը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հաստատվի, դա վստահությունն է, որը հսկայական նշանակությունի ունի, եւ այդ համատեքստում Ռուսաստանը կարող է մեծ դեր ունենալ»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է Day.az-ը: