Փոխնախարար. Հասարակական տրանսպորտի որակի բարձրացումը կանդրադառնա ուղեվարձի սակագնի վրա

Փոխնախարար. Հասարակական տրանսպորտի որակի բարձրացումը կանդրադառնա ուղեվարձի սակագնի վրա

PanARMENIAN.Net - Եթե հասարակական տրանսպորտի որակական պահանջները բարձրացվեն, դա կանդրադառնա սակագնի վրա: Այս մասին լրագրողներին հուլիսի 23-ին ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Ցանկացած գործողություն՝ որակի բարձրացման հետ կապված, ունի իր արժեքը: Եթե ցուցանիշներ փոխվեն, որոնք պահանջվում են փոխադրամիջոցից, եթե որակական պահանջները բարձրացվեն, բնականաբար, դա կանդրադառնա նաև սակագնի վրա»,- ասել է Առաքելյանը, գրում է Panorama.am-ը:

Խոսելով ուղևորափոխադրումներն ապահովող հասարակական տրանսպորտի վիճակի մասին՝ փոխնախարարը նշել է, որ պետք է հստակ տարանջատել նախարարության խնդիրները:

«Այդ գծերը տրամադրվում են թափանցիկ ընտրակարգով, մրցույթի կամ գործող կարգերը տառացիորեն պահպանվում են: Այսինքն՝ պահանջները, որ ներկայացվում են տրանսպորտային միջոցին, պահպանվում են»,- պարզաբանել է նա:

2014-ին IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը Երևանի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն էր արել, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա, և հանգել եզրակացության, որ մայրաքաղաքում տրանսպորտը չի կարող շահագործվել գործող 100 դրամ ուղեվարձով: Ուսումնասիրելով տրանսպորտային ծախսերը՝ եզրակացրել էին, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար՝ 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամ։

2013 թվականի հուլիսի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը պետք է սահմանվեր 150 դրամ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում: Մարդիկ հրաժարվում էին վճարել 150 դրամ, երթեր ու ցույցեր էին կազմակերպում, բոլորին հորդորում շարունակել վճարել 100 դրամ: Արդյունքում` հուլիսի 25-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին որոշումը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողով կստեղծվի, որը կուսումնասիրի ոլորտն ու դրանից հետո միայն կպարզվի՝ կբարձրանա ուղեվարձի գինը, թե՝ ոչ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---