24 հուլիսի 2015 - 12:52 AMT
Օբաման հորդորում է Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հորդորել է Մեծ Բրիտանիային մնալ Եվրամիության կազմում` պահպանելու համար ազդեցությունը համաշխարհային ասպարեզում:

«Բրիտանիայի ներկայությունը ԵՄ-ում մեզ ավելի մեծ վստահություն է ներշնչում անդրատլանտյան դաշինքի հզորության առումով»,-ասել է Օբաման BBC-ին տված հարցազրույցում: Օբաման նշել է նաև, որ «ԵՄ-ն աշխարհը դարձրեց ավելի հուսալի ու ավելի բարգավաճ»: Ընդ որում նա Մեծ Բրիտանիային համարեց ԱՄՆ «լավագույն գործընկերը»` ոչ թե տվյալ պահի շահերից ելնելով, այլ «առավել կազմակերպված ու անվտանգ աշխարհ ստեղծելու մղումով» գործելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ պահպանողականների առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացավ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Քվեարկությունը տեղի կունենա մինչև 2017-ի ավարտը: Առաջիկա հանրաքվեով Բրիտանիայի վարչապետը, փաստորեն, շանտաժի է ենթարկում Եվրամիությանը: Խոստանալով ընտրողներին ժողովրդական քվեարկության դնել ԵՄ կազմում երկրի մնալու հարցը` ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն:

Վերջերս Դևիդ Քեմերոնն այցելում է Գերմանիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա և Լեհաստան պարզաբանելու համար, թե հատկապես ինչ փոփոխություն է ակնկալում Բրիտանիան ԵՄ-ում: Հիմնական պահանջն է պահպանել կապիտալի ազատ տեղաշարժը` սահմանափակելով ներգաղթը: Ֆրանսիայում և Լեհաստանում նրան ըմբռնումով չմոտեցան, նրան հստակ ոչ ասվեց, գրում է «Պռավդա.ռու»-ն:

Ինչպես ենթադրում է քաղաքագետ Վլադիմիր Բրուտերը, Մեծ Բրիտանիային այս հարցում կմերժի նաև Անգելա Մերկելը:

Մինչդեռ Շոտլանդիան կարող է անկախության մասին նոր հանրաքվե պահանջել, եթե մեկ այլ հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան որոշի դուրս գալ Եվրամիության կազիմց: Հունիսի 11-ին այսպիսի հայտարարություն է արել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Ըստ Սթերջենի, որը հետևողականորեն կողմ է հանդես գալիս ԵՄ հետ հարաբերությունների պահպանմանը, եթե Շոտլանդիային ստիպեն «իր կամքին հակառակ», հեռանալ կազմակերպությունից, տարածաշրջանային կառավարությունն անկախության մասին նոր հանրաքվեի հայտ կներկայացնի: «Շատ հնարավոր է, որ մեզ հաջողվի հասնել նման քվեարկության անցկացման»,-ասել է նա: