24 հուլիսի 2015 - 14:17 AMT
Մոտ 973 մլն դրամ՝ Տավուշի ենթակառուցվածքների ստեղծմանը, 35 մլն դրամ՝ Մուսա լեռան հուշահամալիրի հիմնանորոգմանը

ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում որոշել է Տավուշի մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 973 մլն 208 հազար դրամ:

Ըստ կառավարության հիմնավորման՝ Տավուշի բազմաթիվ միջհամայնքային և համայնքային ճանապարհներն անմխիթար վիճակում են, ինչը բարդացնում է տեղափոխությունը թե´ համայնքից համայնք, թե´ համայնքների ներսում, թե´ դեպի տուրիստական գոտիներ: Միաժամանակ, պետբյուջեում առաջացել են խնայողություններ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման ծրագրով: Որոշման նախագծով առաջարկվում է խնայված միջոցների մի մասն ուղղել Տավուշի դեպի տուրիստական կենտրոններ տանող ճանապարհների հիմնանորոգմանը:

Ինչպես նաև, կառավարությունը որոշել է Արմավիրի մարզպետարանին պետբյուդջեից հատկացնել 35 մլն դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը թույլ կտա նաև պատշաճ անցկացնել հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները: Մուսալեռ գյուղական համայնքի Ֆրանց Վերֆելի և Լուի Դարթիժ դյու Ֆուրնեի փողոցների նորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպա¬տակով հատկացվել է 5 մլն դրամ:

Հուշարձանը նվիրված է Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա հերոսամարտին: Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն այդ գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռ և սկսեց ինքնապաշտպանությունը, որը տևեց 1915-ի հուլիսի 21-ից՝ սեպտեմբերի 12-ը: Վերջիվերջո, ֆրանսիական և անգլիական նավերը տեսնելով ինքնապաշտպանվողների «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան և տեղափոխեցին ինքնապաշտպանվող 4231 հային Եգիպտոս:

Ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը: Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմներն են։

Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7 մլն դրամ: