Իրանի դեսպան. ՀՀ հետ բանակցություններն ակտիվացել են, սպասվում է Ռոուհանիի այցը Երևան

Իրանի դեսպան. ՀՀ հետ բանակցություններն ակտիվացել են, սպասվում է Ռոուհանիի այցը Երևան

PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան երկկողմ բանակցություններն ակտիվացել են: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսին` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի հետ նախատեսվում է բանակցությունների ակտիվացում Իրանի ու Արևմուտքի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո, հայտնում է Tert.am-ը:

«Այո, կա ակտիվություն և մոտ ապագայում մեր փոխնախագահը գալու է Հայաստան: Հույս ունենք, որ նման պաշտոնական այցերը կօգնեն մեր երկու երկրների միջև մեծացնել առևտրաշրջանառության ծավալները»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է նաև մինչև տարեվերջ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան:

Մոհամմադ Ռեյիսին հավատացրել է, թե նոր հնարավորություններ ստանալով՝ Իրանը երբեք չի ստորադասի Հայաստանի հետ հարաբերությունները:

«Հայաստանի նման կարևորություն ունեցող երկրին Իրանը երբեք բաց չի թողնի ձեռքից: Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի, դժվարություններ են այս տարիների ընթացքում առաջ եկել, որը պետք է վերացվի: Բանակցում ենք և հուսով ենք, որ լավ ընթացք և վերջավորություն կունենանք Հայաստանի հետ»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանն Իրանի համար միշտ հարևան երկիր է եղել և հարաբերությունը միշտ շատ բարձր մակարդակի վրա կպահվեն՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն:

«Հայաստանը մեզ համար տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի»,- ասել է Ռեյիսին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ռեյիսին նշել է, որ Իրանը միշտ իր հարևան պետություններում անվտանգության և խաղաղության պահպանումը համարում է սեփական անվտանգության ու խաղաղության պահպանումը, գրում է Panorama.am-ը:

«Հակամարտությունների հետ կապված Իրանը հետևյալ կարծիքին է՝ պետք է խաղաղ բանակցությունների միջոցով լուծում ստանալ: Միջազգային նորմերը լավագույն հնարավորություններն են հակամարտությունների խաղաղ լուծման համար»,- նշել է նա՝ շեշտելով, որ Իրանն իր հարաբերություններում ու գործակցությունում առավելությունը տալիս է հարևան պետություններին:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին:

Իրանը նաև հայտարարել է, որ պատրաստ է գազ արտահանել Եվրոպա պատժամիջոցների չեղարկումից հետո: Աշխարհում գազի ամենամեծ պաշարն ունեցող երկիրը մտադիր է մինչև 2017 թ. ավելացնել գազի արդյունահանումը մինչև 1,1 մլրդ խմ ներկայիս 700 մլն խմ դիմաց, գրել է DW-ն Իրանի նավթի փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանիայի վրա հղումով: «Եվրոպան մենք դիտարկում ենք որպես շատ հեռանկարային շուկա»,-ասել է նա:

Թեհրանն արդեն կողմնորոշվել է 50 նավթագազային օբյեկտների հարցում, որոնց ընդհանուր արժեքը 185 մլրդ դոլար է, և որոնց շուրջ համաձայնագրերը որոշ երկրների հետ կկնքվեն մինչև 2020 թ.: Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Մուհամմեդ Հազաիի, Իրանն ավարտել է ներդրումային բանակցությունները մի շարք ընկերությունների հետ: «Վերջերս մենք տեսնում ենք, որ եվրոպացի ներդրողները վերադառնում են երկիր: Բանակցություններից մի քանիսն արդեն ավարտված են, մենք հաստատել ենք արտոնագրերը: Վերջին 2 շաբաթում հաստատվել են մոտ 2 մլրդ դոլարի նախագծեր», ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---