Չավուշօղլու. ԻՊ-ից ազատագրված Սիրիայի տարածքներն անվտանգության գոտի կդառնան

Չավուշօղլու. ԻՊ-ից ազատագրված Սիրիայի տարածքներն անվտանգության գոտի կդառնան

PanARMENIAN.Net - Հյուսիսային Սիրիայի շրջանները, որոնք կազատագրվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, անվտանգության գոտի կդառնան, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին համերաշխություն է հայտնել Թուրքիայի հետ, որը նախօրեին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի արգելված ՔԱԿ գրոհայինների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքիայի ՌՕՈւ-ն գրոհել է ՔԱԿ թիրախները Զապ, Մեթինա, Գարա, Ավաշին, Սինաթ, Հաֆթանին, Հաքուր, Քանդիլ գավառներում: Բացի այդ, ըստ փաստաթղթի, «ՔԱԿ դիրքերին հարվածներ են հասցվել ցամաքային զորքերի միջոցներով»: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի F-16 ՌՕՈւ կործանիչները գրոհել են ԻՊ դիրքերը Սիրիայում և ՔԱԿ դիրքերը Իրաքի հյուսիսում: Օդային գործողությունից մի քանի ժամ առաջ հայտարարվեց, որ Թուրքիան կտրամադրի «Ինջիրլիկ» ավիաբազան ամերիկյան ՌՕՈւ-ին ԻՊ գրոհայինների դիրքերին հարվածներ հասցնելու համար:

«Ես պատմեցի Բարզանիին Սիրիայում և Հյուսիսային Իրաքում մեր գործողությունների նպատակների մասին և նա համերաշխություն հայտնեց` հայտարարելով, որ Թուրքիան անցկացնում է գործողությունն օրենքի շրջանակներում»,-ասել է Դավութօղլուն լրագրողներին:

«Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում: Այդ միջոցների մասին, որոնք ձեռնարկվել են ազգային անվտանգության պաշտպանության նկատառումներով, իրազեկվել են միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---