27 հուլիսի 2015 - 11:41 AMT
Հռոմի պապը շնորհավորել է հայ կաթողիկե եկեղեցու նոր առաջնորդին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Տանն Կիլիկիո հայոց կաթողիկե եկեղեցու նորընտիր կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանին: Իր ուղերձում Հռոմի պապը հույս է հայտնել, որ պատրիարքի նոր առաքելությունը պտղաբեր կլինի:

Ֆրանցիսկոս պապի խոսքով՝ պատրիարքն ընտրվել է այնպիսի ժամանակ, երբ հայ եկեղեցին բախվում է տարբեր մարտահրավերների և դժվարությունների: Մասնավորապես, պապը նշել է Մերձավոր Արևելքում հայ կաթոլիկների կրած փորձությունները, Վատիկանի ռադիոյին հղումով գրում է Panorama.am-ը:

Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյան կվերանվանվի ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի` փոխարինելով Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Կապրոյանը մինչև 2013-ի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոս է եղել: Կաթողիկոս-պատրիարքի պաշտոնը ստանձնելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ Լիբանանում:

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934-ի նոյեմբերի 15-ին՝ Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977-ին:

Տեր Ներսես Պետրոս պատրիարքը ծնվել է Կահիրեում, սովորել Հռոմում, հոգևորական է ձեռնադրվել 1965-ին, իսկ 1999-ի հոկտեմբեր 7-ին ձեռնադրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի առաջարկով և նախաձեռնությամբ այս տարի ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին մեծ աշխատանք է կատարել նաև Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու տիեզերական ուսուցիչների շարքում դասելու ուղղությամբ: