Ռուսաստանի եւ Վրաստանի խոսքերը Հայաստանի հետ բարեկամության մասին պետք է ամրագրվեն կոնկրետ գործողություններով

PanARMENIAN.Net - «Մի բան ակնհայտ է` ե'ւ Ռուսաստանը, ե'ւ Վրաստանը որպես մեզ բարեմակ երկրներ, պետք է անեն հնարավորը, որպեսզի լարվածությունն իրենց հարաբերություններում որեւէ կերպ չազդի Հայաստանի վրա»,-երկուշաբթի օրը հայտարարել է լրագրողներին խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Հակառակ դեպքում բարեկամության մասին հայտարարությունները լոկ հայտարարություն կմնան»,-նշել է Թորոսյանը` հավելելով, որ «խոսքերը պետք է ամրագրվեն կոնկրետ գործողություններով»: «Թե հատկապես ինչ է պետք անել դրա համար այլ հարց է եւ, առաջին հերթին, այդ խնդիրը պետք է քննարկեն Վրաստանն ու Ռուսաստանը»,-գտնում է խոսնակը: Տ.Թորոսյանը քիչ հավանական է համարում Հայաստանի միջխորհրդարանական կապերի օգտագործումը վրաց-ռուսական հակասությունների կարգավորման հարցում: «Լարվածությունն երկրների միջեւ այնքան է խորացել, որ այդ խնդիրը կարող են լուծել միայն Վրաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակը: «Հնարավոր է, միջազգային կազմակերպությունների շրջանակներում, օրինակ ԵԱՀԿ-ի, կարելի կլինի որեւէ բան անել հարաբերությունների նորմալացման համար, սակայն առաջին հերթին դա կախված է երկու երկրների ղեկավարներից»,-պարզաբանել է նա: Նա հաղորդել է նաեւ, որ ռուս-վրացական հարաբերությունների հարցը, հնարավոր է, որ քննարկվի ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երեւանում: «Դա թույլ կտա դիտարկման հանձնաժողովի անդամներին առավել մանրամասն ծանոթանալ իրավիճակին, հաշվի առնելով այն փաստը, որ շատ երկրների ներկայացուցիչներ առանձնապես տեղեկացված չեն այդ խնդրի վերաբերյալ»,-գտնում է Թորոսյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---