Թուրքիա. Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը, քրդերը գրոհել են ոստիկանության բաժանմունքը

Թուրքիա. Պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը, քրդերը գրոհել են ոստիկանության բաժանմունքը

PanARMENIAN.Net - Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Իրան-Թուրքիա գազամուղում պայթյուն է որոտացել, որը Թուրքիայի իշխանությունները սաբոտաժ են համարում: Նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»,-ասվում է Թուրքիայի կառավարության հայտարարության մեջ:

«Իրան-Թուրքիա գազամուղի վրա` սահմանից 15 կմ հեռավորության վրա Ագրա գավառում սաբոտաժի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Հրդեհ է բռնկվել, որը շուտով մարվել է: Գազը Թուրքիա կսկսի մուտք գործել գազամուղի վերանորոգումից հետո միայն»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Թուրք ժանդարմները ոչնչացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 3 գրոհայինի, որոնք հարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա Էրզրումում: Ինչպես հայտնել է տեղական հեռուստատեսությունը, գրոհայինները կրակ են բացել շենքի ուղղությամբ: Նրանց և անվտանգության ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել:

Հարձակումից հետո ոստիկանության բաժանմունքի շրջան են ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումներ: Սկսված գործողության ընթացքում, որը նաև աջակցություն է ստացել ավիացիայի կողմից, 3 ահաբեկիչ սպանվել է:

Թուրքիայի հարավարևելյան Մուշ գավառում ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել ժանդարմերիայի կայազորի հրամանատարի ավտոմեքենայի վրա: Նրա հետ մեքենայում իր կինն ու երեխան են եղել: Նրանք չեն տուժել, իսկ ոստիկանության սպան ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հուլիսի 27-ին Վանում փոխհրաձգություն է տեղի ունեցել քուրդ գրոհայինների և ժանդարմների միջև: Գրոհայինները փակել են ավտոճանապարհը և սկսել են ստուգել վարորդների փաստաթղթերը` թույլ չտալով շարունակել երթևեկությունը: Նրանք բեռնատար են այրել: Միջադեպի վայր ժամանած ոստիկանները հայտնվել են գրոհայինների ինտենսիվ կրակի տակ: Նրանց հաջողվել է թաքնվել լեռներում, որտեղ ոստիկանները որոնման ու ոչնչացման գործողություն են սկսել:

Մինչդեռ Թուրքիայի ոստիկանները առնվազն 15 մարդ են ձերբակալել Անկարայում հակաահաբեկչական գործողության ժամանակ, հայտնել է NTV հեռուստաալիքը: Ըստ վերջինիս տվյալների, թուրքական անվտանգության ծառայությունների հատուկ գործողությունն ուղղված է «Իսլամական պետության» անդամների դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 26-ին Ստամբուլում առաջատար թերթերի գլխավոր խմբագիրների հետ փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ցուցադրեց ԻՊ և ՔԱԿ գրոհայինների մարտահրավերներին օպերտիավ արձագանքելու ունակությունն ինչպես իր տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հուլիսի 23-ի և 24-ի պատասխան գործողությունները «փոխեցին խաղի կանոնները» երկրի ներսում, Սիրիայում և Իրաքի հյուսիսում:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում:

Հուլիսի 23-ին Անկարայում արտահերթ նիստ գումարվեց ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ: Նիստը գումարվել է Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում կտրուկ սրված իրավիճակի և Սիրիայի հետ սահմանին թուրքական բանակի և ԻՊ գրոհայինների բախումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հուլիսի 20-ին պայթյուն որոտաց Շանլիուրֆա նահանգի Սիրիայի հետ սահմանին գտվող Սուրուչ քաղաքի Ամարա մշակութային կենտրոնի մոտ գտնվող թեյարանում, որի պատասխանատվությունը դրվեց «Իսլամական պետության» վրա: 32 մարդ զոհվեց, 100-ից ավելին` վիրավորվեցին: Ըստ ոստիկանության տվյալների, ահաբեկչական գործողությունը 18-ամյա մահապարտ աղջիկ է իրականացրել, որը գործի է դրել պայթուցիկ սարքը: Այս շենքում է բնակվում մոտ 300 երիտասարդ, որոնք ներկայացնում են Սոցիալիստների երիտասարդական ընկերակցությունների դաշինքը: Պայթյունը որոտացել է այդ կազմակերպության անդամների ելույթի ժամանակ, որոնք մտադիր էին հայտարարել մամուլին, որ մեկնելու են վերականգնելու սիրիական Կոբանի քաղաքը, որը մի քանի ամիս մնաց «Իսլամական պետության» գրոհայինների հսկողության տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---